ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հայաստանից արտագաղթը 2015թ.-ից ի վեր նվազել է 35 անգամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Արտագաղթը մեր անվտանգության միջավայրի ամենալուրջ սպառնալիքներից մեկն է, որը բացասաբար է ազդում առաջին հերթին բանակի վրա։ Մենք փորձում ենք հասկանալ, թե որոնք են այն ճանապարհները, որոնցով կկարողանանք լուծել խնդիրը: Այս հարցի լուծումը բազմաշերտ է և մեկ գործոնով լուծելու հնարավորություն չկա»,– նշեց Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով` այս թեմայի շուրջ ընթացել են բազմաթիվ քննարկումներ, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ամենաբարձր մակարդակում քննարկվում է նաև ծնելիությունը բարձրացնելու հարցը։
Նա նշեց, որ դրական դինամիկայի մասին վկայում են ոչ միայն Ռուսաստանի վերաբերյալ թվերը («Ռուսաստանի տնտեսական իրավիճակի մոնիտորինգը», որն արձանագրում է Հայաստանից Ռուսաստան միգրանտների աճը), այլ նաև Հայաստանի կառավարության հրապարակած տվյալները։
«Ցուցանիշներից մեկը վկայում է, որ 2015թ.-ի համեմատ արտագաղթը նվազել է 35 անգամ»,-ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով՝ 2018թ.-ի վերջին Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների ցուցանիշում դրական սալդո է գրանցվել, բայց ասել, որ ներգաղթ է եղել՝ դեռ վաղ է, քանի որ անհրաժեշտություն կա ուսումնասիրելու և հասկանալու՝ այդ մարդիկ որպես զբոսաշրջի՞կ են եկել, թե՞ հաստատվելու:
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում, օրինակ՝ Լիբանանի հայերը ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան։ Ավելացել է նրանց թիվը, ովքեր ցանկանում Հայաստանի քաղաքացիություն են ստանալ։
Ամեն դեպքում, զարգացման միտումները դրական են։
Արտագաղթի գումարները մեր քաղաքացիները ծախսում են Հայաստանում տնավորվելու վրա. Փաշինյան