ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայ զբոսաշրջիկներին ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան ։
Այս մասին գրված է Եգիպտոսում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում։
«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03։00-ին։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվևրթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով»,–գրված է դեսպանատան հաղորդագրության մեջ. իսկ ստորև ներկայացված է դեսպանության թեժ գիծը` +201207050580։
Հիշեցնենք, երեկ` հուլիսի 25–ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտնել էր,որ չվերթի չեղարկման հետևանքով ՀՀ շուրջ 100 քաղաքացիներ մնացել էին Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում։
Երեկ առավոտից Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների` A&R tour ընկերության հաճախորդների ազգականները հավաքվել էին ընկերության գրասենյակի մոտ։
Կառավարությունը պատրաստ է վճարել` ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար
Ավելի վաղ, Facebook սոցիալական ցանցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել էր, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար։
Այսօր` հուլիսի 26–ին, ՀՀ կառավարության միջնորդությամբ Հուրգադայից Երևան իրականացվող 2 չվերթերի միջոցով այնտեղ մնացած 110 զբոսաշրջիկը կգան Հայաստան։