Զինծառայողի մահվան քրգործով ձերբակալվել է դիրքի ավագը

Շարքային Վոլոդյա Գալոյանի մահվան քրգործով դիրքի ավագը ձերբակալվել է ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրանք կատարելու սպառնալիքի կասկածանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է դիրքի ավագը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Ինչի համար էին վիճել զինվորն ու ավագը. Վոլոդյայի մահվան դեպքի մանրամասները. «Ժողովուրդ»

Ինչպես արդեն հայտնել էինք, 2019թ. հուլիսի 23-ին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ` նրան սպանելու համար։ Սակայն զինծառայողին չի հաջողվել դա անել, ինչից հետո նա հեռացել է տարածքից։ Որոշ ժամանակ անց գտել են Վոլոդյայի դիակը՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով:

«Դիրքի ավագը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, այն է` ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը»,–նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին` սպանության, և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին` ինքնասպանության հասցնելու մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Արագածոտն համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը հայտնել էր, որ Վոլոդյան իրենց համայնքից էր, ընդամենը 7 ամսվա զինծառայող։

Ժամանակին չկարողացանք պարզել հոգեվիճակը. Տոնոյանը` զինվորի ենթադրյալ ինքնասպանության մասին
Տղան վերջերս էր արձակուրդ գնացել` պապիկի մահվան տարելիցին մասնակցելու համար։

Մամուլն այսօր գրել էր, որ զինվորների` դիտորդ դիրք բարձրանալուց առաջ դիրքի ավագը նկատել է, որ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի գրպանը ուռած է։ Ավագը զինծառայողին հարցրել է, թե ինչու է գրպանն ուռած, ինչ կա մեջը: Զինվոր Գալոյանը պատասխանել է, թե զինգրքույկն է: Դիրքի ավագը նրան ասել է, որ գրպանը դատարկի, և նա դատարկելու ժամանակ զինվորի գրպանից հանել է հեռախոս, որից հետո էլ վիճաբանություն է սկսվել։

Մահացած զինծառայող Վոլոդյան 7 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. նոր մանրամասներ