ՌԱԴԻՈ

Աբրահամյան. «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանն ակտիվ է տեղեկատվական դաշտում»

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արցախաադրբեջանական շփման գծում տիրող վիճակին։
Sputnik
Աբրահամյան. «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանն ակտիվ է տեղեկատվական դաշտում»

 Աբրահամյանի խոսքով`Ադրբեջանի` գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակվող տեղեկատվական սադրանքները լրացուցիչ լարվածություն են բերում առաջնագծում։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանն ակտիվ է հատկապես տեղեկատվական դաշտում` համացանցում տարածելով ապատեղեկատվություն պարունակող տարատեսակ նյութեր»,–նշում է Արցախի նախագահի խորհրդականը։

Արցախի ուղղությամբ կրակոցները 100–ով ավելացել են. ի՞նչ է կատարվել շփման գծում

Տիգրան Աբրահամյանը նշում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները, շատ հաճախ հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, տարբեր կեղծ տեղեկություններ են տարածում հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների, ադրբեջանական գյուղերի գնդակոծությունների, նույնիսկ ինչ-որ տուժածների մասին։

«Որպես կանոն՝ սադրանքների դիմելուց առաջ Բաքուն որոշակի կեղծ տեղակատվություն է սփռում, որպեսզի արդարացնի իր սադրանքները և ներկայացնի դրանք որպես հակընդեմ գործողություններ»,-նկատում է Աբրահամյանը։

Արցախի նախագահի խորհրդականը կարծում է նաև, որ Ադրբեջանի պահվածքը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին հանդիպումների արդյունքնում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, քանի որ, ըստ Աբրահամյանի, Բաքուն իր ապատեղեկատվությամբ փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ Հայաստանը խախտում է քաղաքական պայմանավորվածությունները։

«Անկախ բոլոր սցենարներից ու Բաքվի նկրտումներից, Պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվոր գիտի, թե ցանկացած սադրանքի դեպքում ինչպես է գործելու»,-վստահեցնում է Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է սահմանագծում տիրող վիճակին, ապա այն համեմատաբար հանգիստ է, արձանագրում է Արցախի նախագահի խորհրդականը։