Տհաճ հոտով միս և թերի սննդամթերք. Գավառի մանկատանը թերություններ են հայտնաբերել

Գավառի մանկատան սննդամթերքը թերի է մատակարարվել, միսն էլ` անորակ ու տհաճ հոտով է եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Գավառի մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում հուլիսի 23-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա մատակարարված սննդամթերքի տեսականին եղել է թերի և անորակ: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքը։

Ծերանոցներում ու մանկատներում կասկածելի սնունդ է հայտնաբերվել. Զարուհի Բաթոյան

«Հայտով պահանջված 10 կգ պղպեղը և 50 կգ կշռով խնձորն ուղղակի բացակայել են, իսկ 40 կգ միսը մատակարարվել է սառնարանային պայմաններ չունեցող տրանսպորտային միջոցով: Մսի արտաքին տեսքի զննությամբ պարզվել է, որ այն ունի գույնի փոփոխություն, առկա են շագանակագույն կտորներ, տհաճ հոտ, մկաններն ու ջլերը մուգ դեղնավուն են եղել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Զինվորներին ավելի լավ կկերակրեն. Տոնոյանն առաջընթաց է խոստանում զինված ուժերում

Նախարարությունը, պայմանագրի համաձայն, եռօրյա ժամկետ է սահմանել մատակարար «Ֆոտոն» ՍՊԸ-ի համար՝ ներկայացված թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելու համար:

Ծերանոցներում ու մանկատներում կասկածելի սնունդ է հայտնաբերվել. Զարուհի Բաթոյան

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ համակարգում գործող հաստատություններին մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական և քանակական համապատասխանությունը պայմանագրերով սահմանված տեխնիկական բնութագրերին լինելու է նախարարության համապատասխան բաժինների ուշադրության կենտրոնում: Վերհանված թերությունները ողջամիտ ժամկետում չվերացնելու դեպքում նախարարությունը դիմելու է պայմանագրերով նախատեսված պատժամիջոցներին: