«Իմ քայլի» անդամը պահանջում է ԱԺ–ից վռնդել Գևորգ Պետրոսյանին. ինչո՞ւ են տղամարդիկ զայրացել

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամը ԱԺ պատգամավորին հիստերիկ է անվանում Լիզա Ճաղարյանի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի, - Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը պահանջում է Ազգային ժողովից վռնդել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային ժողովից, քանի որ ամեն մարդ իրեն վայել տեղում պետք է հայտնվի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դուք գոյություն ունե՞ք: ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով դեռ չի՞ ձևավորվել: Ինչքա՞ն դեռ պետք ա էս հիստերիկներին հանդուրժենք», - գրել է նա։

Ավագանու անդամը հրապարակել է Գևորգ Պետրոսյանի՝ հուլիսի 22-ին կատարած գրառումը, որում վերջինս անդրադարձել է լրագրող Լիզա Ճաղարյանին` նրան անվանելով անտեսված գրչակ ու անմխիթար տիկին։

Նախապատմություն

Հուլիսի 22-ին ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը 10000 ուսուցիչների կրճատման վերաբերյալ գրառում էր հրապարակել։

«10.000 ուսուցիչ կրճատվում են... Բա սրանից էլ լավ ապացույց՞, որ երկիրը դատարկվում է: Հիմա ինչ վիճակագրական նկարչություն էլ բերեն, պարզ է չէ՞, որ իրականությունն այլ է: Երկիրը դատարկվում է թե ֆիզիկապես, և թե բարոյապես:

Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրվում ու ինքնապարգևատրվում են, շրջում են հպարտ ու անհոգ, և օձի սառնասրտությամբ հայտարարում են, որ 10.000 ուսուցիչ մեր երկրում ավելորդ է...

Փոխարենն անզուսպ, անթաքույց ու անպատիժ գործելու հնարավորություն են ստանում անգրագետները և, իհարկե՝ նորին գերազանցության տրանսգենդերներն ու տրանսֆիստիտները... Էսօր ու՞մ է հետաքրքրում. մի 10.000 ուսուցիչ ավել, պակաս... Կարևորը՝ մի քանիսն իրենց լավ զգան, շրջեն, թռչեն ու թռչկոտեն...

Երկիր ենք կորցնում, Հայեր...»,– գրել էր նա:

Արձագանք

Լրագրող Լիզա Ճաղարյանը մոտ մեկուկես ժամ անց Facebook–ի իր էջում արձագանքել էր այս գրառմանը։

«ԲՀԿ-ի Գեւորգը թե երկիրը փրկեց՝ փրկեց, եթե՝ ոչ, ուրեմն համակերպվեք, կորցնըմ ենք երկիրը։

Բանի տեղ չէի դնի սրա գրառմանը, եթե էս տողը չլիներ. «Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրում ու ինքնապարգևատրվում են...»։

Նախ՝ «վխտող» չի, «վխտացող» է, երկրորդը՝ էս ամբարտավանին թվում է, եթե ինքը «կցվել է» մեՆՁ քաղաքական գործիչ եւ անզուգական ինԾելեկտուալ Ծառուկյանին, բնականաբար՝ «հանուն հայրենիքի փրկության», իրավունք է ձեռք բերել առանց գողանալու, առանց հաբռգելու չափավոր ու համեստ ապրողներին հեգնելու։

Մեծամտությունից եղած խելքդ էլ կորցրած թշվառական, էդ քո քառակուսի ուղեղն է, որ ստամոքսից վերեւ չի բարձրանում, ու «կշտությունն» էլ միայն ստամոքսի կծկումներով է չափում, իսկ իրական պայքարողների համար դա ամենաերրորդական-չորրորդական հարցն էր ու է՛, եւ եթե ուզենային քեզ նման հղփանալ, ձեւերը գիտեին, թե ոնց մի քանի տակ ծալվելով ու ծռմռվելով դառնան որեւէ՝ հայտնի չէ ինչ միջոցներով հարստացած «բարերարի» հացկատակը»,– գրել էր Ճաղարյանը։

Շարունակություն

Գևորգ Պետրոսյանն այսօր` հուլիսի 25-ին, նոր գրառում է արել։

«Ես չեմ հակադարձում այն երկոտանիներին, որոնց բնությունն արդեն լուրջ մտորումների տեղիք է տվել... Ընդամենը հայտարարում եմ, որ ինձ պատերազմ է հայտարարել ոչ ստանդարտ արժեհամակարգը: Ասել եմ և ասում եմ՝ ինձ չեն կարողանալու լռեցնել... Կտեսնեք...»,– նշել է նա։

Կուլմինացիան, թերևս, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի` Գևորգ Պետրոսյանին «ԱԺ–ից դուրս շպրտելու» մասին գրառումն էր։ Սպասենք վերջաբանին։