Հուրգադայում մնացած զբոսաշրջիկների ազգականները բողոքում են գործակալության գրասենյակի մոտ

Զբոսաշրջային գործակալության հաճախորդներն առայժմ չեն ցանկանում դիմել ոստիկանություն, այլ նախընտրում են սպասել, ու կամ իրենց փողերը հետ ստանալ, կամ՝ Եգիպտոս մեկնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների` A&R tour ընկերության հաճախորդների ազգականները հավաքվել են Երևանում ընկերության գրասենյակի մոտ։ 

Մոտ 100 ուղևոր չկայացած չվերթի պատճառով մնացել են Եգիպտոսում. տուրիստականից խաբվածները
Նրանց միացել են այլ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ, որոնք A&R tour–ի միջոցով փաթեթներ են ամրագրել։ Նրանք պարզաբանումներ են պահանջում չվերթն ուշացնելու առիթով, որի հետևանքով Հայաստանի ավելի քան 120 քաղաքացիներ չեն կարողանում տուն վերադառնալ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի մոտ 100 քաղաքացիներ չեն կարող Եգիպտոսից վերադառնալ հայրենիք Հուրգադա–Երևան OTF 370 ավիաչվերթը հետաձգելու պատճառով։ A&R tour ընկերությունը տոմսեր և տուրեր է վաճառել Եգիպտոս (Շարմ էլ Շեյխ և Հուրգադա), իսկ հիմա չեղարկել է բոլոր չվերթերը։

Քաղաքացիներից մեկը Sputnik Արմենիայի թղթակցին ասաց, որ տուրիստական ընկերությունից իրենց ասել են, որ տվյալ պահին զբաղվում են զբոսաշրջիկներին վերադարձնելու խնդրով։ Հույս ունեն, որ իրենց կհաջողվի նրանց հայրենիք վերադարձնել այսօր գիշերը կամ վաղն առավոտյան։

Մի ամուսնական զույգ, որը պետք է մեկներ Հուգադա, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ չէ, որ օգտվում են այդ տուրիստական ընկերության ծառայություններից և զարմացած են կատարվածից։

Զույգն ավելի քան 3 հազար ամերիկյան դոլար է վճարել 6 հոգու համար, որպեսզի հուլիսի 23–ին 13 օրով մեկնեն Շարմ էլ Շեյխ։ Սակայն չվերթը չեղարկվել է։ Տուրիստականում այդ մարդկանց առաջարկել են վերադարձնել գումարը կամ մեկնել Հուգադա և տեղավորվել ավելի հարմարավետ հյուրանոցում։ Նրանք ընտրել են վերջին տարբերակը, բայց այդ տարբերակը նույնպես անհաջողության է մատնվել։ Եվ ահա նրանք առավոտվանից ընկերության գրասենյակի առջև կանգնած են, որպեսզի հետ վերցնեն իրենց գումարները, բայց նրանց խնդրել են սպասել։

Հայտնի է, որ ընկերությունն ավելի վաղ առաջարկել է ամենացածր սակագինը և դրանով կարողացել է գրավել այդքան մեծաթիվ մարդկանց։

Զբոսաշրջային դրախտ. ինչպես են հայ զբոսաշրջիկներին խաբում Եգիպտոսում

Ընկերության գրասենյակի մոտ ակցիայի մասնակիցներին է մոտեցել ոստիկանության ներկայացուցիչը՝  հավաքվածներին առաջարկելով անցնել ոստիկանության բաժանմունք և դիմում գրել։ Քաղաքացիները, սակայն, չեն համաձայնել զբոսաշրջային ընկերության դեմ բողոքել ոստիկանությունում, այլ նախընտրել են սպասել իրենց փողերին կամ մեկնել երկար սպասված հանգստի։

Նշենք, որ տուրիստական ընկերության տնօրենն առայժմ կապ չի հաստատել խաբված հաճախորդների և գործընկեր ընկերությունների հետ, իսկ գրասենյակում այս պահին չորս աշխատող կա միայն։

Հիշեցնենք, որ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը կապի մեջ է քաղաքացիների, ինչպես նաև փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` խնդիրը լուծելու համար։ Եգիպտոսում Հայաստանի դեսպանատանը բացվել է «թեժ գիծ»` +20 120 705 0580 հեռախոսահամարով։

Ինչու հայ զբոսաշրջիկները չեն կարողանում Եգիպտոսից Հայաստան վերադառնալ. հայտարարություն 

Գերադասելի են Եգիպտոսն ու Հունաստանը. ինչո՞ւ են հայերն ավելի քիչ մեկնում Վրաստան