ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Վրացի պատգամավոր Էկա Բեսելիայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը տարածող Դմիտրի Անդրեևը հայաստանյան կալանավայրերից մեկում գտնվելու ընթացքում շփում է ունեցել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ։
Այս մասին նշվում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքի ռեպորտաժում։
Տեսանյութն ապօրինի կերպով նկարահանվել է թաքնված տեսախցիկով՝ 2012 թվականի մայիսին։ Դրա համար 2016 թվականին Վրաստանի կառավարության որոշ բարձրաստիճան անձինք են դատապարտվել։
Սկանդալային տեսանյութը համացանցում սկսել են տարածել հունվարի 28-ին։ Այս պահին դրա պահպանման ու սոցցանցերով և բջջային հավելվածներով զանգվածային տարածման համար 19 մարդ է ձերբակալվել։
Հեռուստաալիքի տվյալների համաձայն` Վրաստանի քաղաքացի Դմիտրի Անդրեևը պատիժ է կրում Հայաստանի կալանավայրերից մեկում կանխամտածված սպանության համար։ Հեռուստաալիքի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ՀՀ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Հայկական» սկանդալ Վրաստանում. պատգամավորն անպարկեշտ առաջարկ է արե՞լ տնօրենին
«Անդրեևն արդեն մի քանի տարի է պատիժ է կրում մարդասպանության համար։ Մի քանի ամիս առաջ նրա խցիկում հեռախոս է հայտնաբերվել։ Այն առգրավվել է ու փոխանցվել է վրացական իրավապահ մարմիններին», – ասել է Նավիկյանը «Իմեդիի» հետ հարցազրույցում։
Տեսանյութը Facebook–ի մեսենջերով Անդրեևին ուղարկել է Ռուսաստանի քաղաքացի Մզիա Դոլբաձեն։ Ռեպորտաժում նշվում է, որ անհասկանալի է` ինչով է Դոլբաձեն զբաղվում Ռուսաստանում։ Հայտնի է, որ նա համակրում է Միխեիլ Սաակաշվիլուն։
Հեռուստաալիքը Անդրեևի ու Դոլբաձի նամակագրությունը հրապարակել է տեսանյութի փոխանցման օրը։ Այդ նամակագրության մեջ Անդրեևը հանդես է գալիս որպես Բոբա Լոտատիձե։
Նա մի քանի անգամ հարցում է Մզիային` արդյո՞ք դա Բեսելիան է, քանի որ հեռախոսով լավ չի երևում։ Համոզվելով, որ դա պատգամավորն է` Լոմտատիձեն (այսինքն` Անդրեևը) շնորհակալություն է հայտնում Մզիային ու ավելացնում է. «հիմա նրան ցույց կտամ»։
Հեռուստաալիքը պարզել է, որ հայաստանյան կալանավայրում գտնվելու ժամանակ Անդրեևը ակտիվ շփում է ունեցել Սաակաշվիլու հետ։ «Իմեդին» հրապարակել է Վրաստանի նախկին նախագահի ու Անդրեևի նամակագրությունը, որում բանտարկյալը Սաակաշվիլուց օգնություն է խնդրում։
Անդրեևի փաստաբան Թեմուր Օրկոդաշվիլին չի բացառում, որ իր պաշտպանյալը կարող էր կապ ունեցած լինել Սաակաշվիլու հետ։ Նա նշել է, որ Անդրեևը կողմ է «Միասնական ազգային շարժում» կուսակցությանն ու շփում է ունեցել նախկին նախագահի հետ։
Հիշեցնենք` Անրդեևին ու Դոմբաձեին արդեն մեղադրանքներ են ներկայացվել անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություն տարածելու համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց համար որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։