Մակունցը պատգամավորներին հանձնարարում է կարդալ Ստամբուլյան կոնվենցիան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ «Իմ քայլը» խմբակցությունում ստեղծված իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ «Իմ քայլի» պատգամավորները դեռ լիարժեք ռելաքսի մեջ չեն՝ նրանց մեծ մասը դեռ չի մեկնել հանգստանալու։ «ՍԴ-ի շուրջ զարգացումները և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը ստիպել են, որ «ոտքը կախ գցեն» Հայաստանում։

Եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, այս իշխանությունը կտապալվի. Սարգսյան

ԱՍՆ– ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս հատ-հատ զանգահարում էր ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարում՝ արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։ Այն անպայման պետք է սեպտեմբերին անցկացվի։ Եթե ձեր տեսակետը բացասական է, լռեք, պետք չէ խոսել, եթե դրական է, բարձրաձայնեք այս ընթացքում՝ հորդորել է նա»,–գրում է թերթը։

Թերթի տվյալներով`ֆրակցիայում պատգամավորներ կան, որոնք տեղեկացրել են, որ դեմ են կոնվենցիային, և հարցրել են՝ ինչու ենք ամեն գնով ուզում ընդունել։ Մակունցը պատասխանել է. նախ՝ նախկիններն են այն ստորագրել, իսկ իրենք ընդամենը վավերացնում են, որովհետև դա Հայաստան-ԵՄ համաձայնագրի պարտավորություններից է բխում։ Հակընդդեմ փաստարկները, որ կան երկրներ, ինչպես Մեծ Բրիտանիան, որ չեն վավերացրել, արձագանքի չեն արժանացել։

Մխիթար Գոշն էլ է գրել բռնության մասին. որքան էր վճարում ամուսինը կնոջը ծեծելու համար

Ի դեպ, պոտենցիալ դեմ քվեարկողների մեջ են Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Սասուն Միքաելյանը, Հովիկ Աղազարյանը, Սերգեյ Ատոմյանը։ Ակտիվ կողմնակիցներն են ֆրակցիայի սորոսական և դրան հարող թեւը, որոնք արդեն իսկ հրապարակային քարոզչություն են անում՝ Մարիա Կարապետյան, Գայանե Աբրահամյան, Սոս Ավետիսյան։