ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունն այսօր էլ փնտրում է Վանո Սիրադեղյանին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Ոստիկանությունը մշտապես իր աշխատանքներն իրականացնում է։ Կան ոստիկանության համապատասխան աշխատողներ, որոնք պատասխանատու են կոնկրետ մարդկանց հայտնաբերման համար ու կատարում են այդ աշխատանքը»,– ասաց նա։
Թե որտեղ է ՀՀ նախկին ոստիկանապետը, և այժմ տիրապետում է արդյոք ոստիկանությունն այս տեղեկությանը, Օսիպյանը չցանկացավ հայտնել։
«Ցանկացած գործ ունի իր սահմանափակումները։ Ընդհանրապես, բոլոր գործերով ունենք օպերատիվ տեղեկություններ և տանում ենք աշխատանքներ», - ասաց նա։
Ոստիկանապետը շեշտեց, որ շատ դեպքերում լրագրողների հարցերն ու ոստիկանության պատասխանները խանգարում են հանցագործությունների բացահայտմանը։
Որպես օրինակ Օսիպյանը նշեց Եռաբլուրից զոհվածի ընտանիքի անդամի և լրագրողների ավտոմեքենաներից համակարգիչների գողության դեպքը։
«Մենք ունենք տեսադաշտում ենթադրյալ կատարող, և ոստիկանություն են բերվել, օպերատիվ աշխատանքներ են տարվել։ Բայց մենք` ձեզ հետ միասին, այպիսի հնչողություն ենք տվել այդ ամենին, որ սահմանափակել եք այդ գործի բացահայտումը»,– ասաց Օսիպյանը։
Նշենք, որ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանն արդեն շուրջ 20 տարի գտնվում է հետախուզման մեջ։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։
Սիրադեղյանը մեղադրվում է 1992-94թթ. մի շարք աղմկահարույց սպանությունների ու մահափորձերի կազմակերպման մեջ:
1998թ. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, քննությունը այդ գործերի վերաբերյալ ակտիվացավ, իսկ գործով մեղադրյալները հայտնեցին, որ այդ ամենը կատարվել է Սիրադեղյանի ցուցումով: Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից 2000-ին: