ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Երևանում ՌԴ սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողին գտել են իր ամառանոցի բակում` ծառից կախված։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` 30-ամյա պայմանագրային զինծառայողի` Արսեն Կ.–ի դին հայտնաբերել են նրա ընտանիքի անդամները։ Տղամարդուն գտել են Կորեայի ձորում գտնվող Շրջանցիկ թունել բնակավայրի իր ամառանոցի բակում։
Այդ օրը նա աշխատանքի չի եղել։ Տանը եղել են նրա կինը, անչափահաս երեխան ու աներորդին։ Երբ նկատել են, որ տղամարդը չկա, անհանգստացած զանգահարել են բջջայինին։ Տեսնելով, որ զանգերն անպատասխան են մնում` սկսել են փնտրել։ Որոշ ժամանակ անց նրան հայտնաբերել են ծառից կախված վիճակում։
Ամենայն հավանականությամբ, տղամարդն ինքնասպան է եղել։ Ըստ որոշ լուրերի՝ նա ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։