ՌԱԴԻՈ

Նիկողոսյան. «Անանուն ազդարարումներով անձի գաղտնիությունը երաշխավորված է»

Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել azdararir.am կայքին ուղարկված անանուն և տվյալների ներկայացմամբ ազդարարումների մասին։
Sputnik
Նիկողոսյան. «Անանուն ազդարարումներով անձի գաղտնիությունը երաշխավորված է»

Ավագ դատախազի խոսքով` անցած երեք ամիսների ընթացքում azdararir.am հարթակին ստացվել են 83 ազդարարումներ, որոնցից 64-ը անանուն են, 19-ը՝ տվյալների ներկայացմամբ. դրանք հիմնականում ուղարկվել են տարածքային իրավասու մարմիններին՝ ընթացք տալու համար։ Տվյալների ներկայացմամբ ազդարարումներից  9-ին ընթացք չի տրվել, քանի որ չեն պարունակել կոռուպցիոն հանցագործության դեպքեր ու հիմքեր։ Ինչ վերաբերում է 64 անանուն ազդարարումներին, ապա դրանցից ներկայում ընթացքի մեջ է 26-ը, որոնցից 21-ն ուղարկված են օպերատիվ հետախուզական մարմիններին, ևս 5-ով իրականացվում են ազդարարման վարույթներ։

«Այն ազդարարումները, որոնց ընթացք է տրվել և ուղարկվել են օպերատիվ հետախուզական մարմիններին, պարունակել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, իսկ այն ազդարարումներում, որտեղ չենք տեսել կոռուպցիոն բնույթի հանցանքի հատկանիշներ, դրանց ազդարարման վարույթները կարճվել են»,–ասաց նա։

Օսիպյանը խոստանում է բացահայտել ծառահատումների թիկունքում կանգնածներին

Ըստ Նիկողոսյանի` ազդարարումներով ներկայացված դեպքերի ժամանակագրությունը բավականին ընդարձակ է՝ սկսած 2008-2009-ից մինչև մեր օրեր։

«Ներկայում 2 ազդարարումներով կատարված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում հարուցվել է 2 քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական կեղծիքի, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև՝ պաշտոնեական անփութության հոդվածների հատկանիշներով»,–ասում է ավագ դատախազը։

Նիկողոսյանը մանրամասնում է, որ նշված քրեական գործերից մեկով հայտնաբերված կոռուպցիոն հանցագործության գումարային մասը կազմում է 4 միլիոն 447 հազար դրամ, իսկ մյուս գործով ընդհանուր գումարը 1 միլիոն 800 հազար դրամ է։

«Հարուցված քրեական գործերն առնչվում են «Մատենադարանի» պաշտոնատար անձանց, ինչպես նաև Երևանի «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» պաշտոնատար անձանց հետ»,–փաստում է Նիկողոսյանը։

Նա վստահեցնում է, որ անանուն ազդարարումներով անձի գաղտնիությունը երաշխավորված է, և իրենք նույնիսկ մեխանիզմ չունեն ճշտելու անանուն ազդարարողի տվյալները։

Արմեն Նիկողոսյանը համարում է, որ azdararir.am հարթակի գործարկումն արդարացված է այնքանով, որ լայն հանրությանը հնարավորություն է ընձեռվում ներգրավվելու կոռուպցիայի դեմ պայքարին։

azdararir.am էլեկտրոնային հարթակը գործարկվել է 2019 թվականի մայիսի։ Կայքի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն բացահայտ կամ անանուն ազդարարել իրենց հայտնի կոռուպցիոն հանցագործությունների մասին։