ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Իրավապահները խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի (Արտյոմ Հարությունով) բնակարանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց Կանևսկոյի պաշտպան Վարդուհի Էլբակյանը` նշելով, որ խուզարկությունը կատարվել է մոտ 10 օր առաջ։
«Նրա բնակարանը խուզարկել են քրեական գործերից մեկի շրջանակում։ Բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է երկու զենքը: Այդ օրը նրա տանը հյուրեր են եղել` նրա ազգականները, և զենքերը պատկանել են Կանևսկոյի ազգականին։ Դրանք օրինական են եղել»,–ասաց Էլբակյանը։
Նրա խոսքով` խուզարկությունից հետո որևէ առգրավում չի եղել։
Հարցին, թե արդյո՞ք որևէ կապ ունի Կանևսկոյի բնակարանում կատարված խուզարկությունը քրեական հեղինակություն Մասիվցի Անդիկի (Անդրանիկ Հարությունյանի) սպանության դեպքով հարուցված քրեական գործի հետ` պաշտպանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե որ քրգործի շրջանակում է կատարվել հետախուզությունը։
«Դատարանի` խուզարկության որոշման թույլտվության մեջ նշված է դատական գործի թիվը, բայց չենք կարող ասել` Անդրանիկ Հարությունյանի գործով է, թե մեկ այլ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը (Մասիվցի Անդիկը) սպանվել է հուլիսի 2-ի գիշերը:
Սպանության վայրում հայտնաբերվել էին պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր։
Ինչպես են Երևանում սպանել «օրենքով գող» Մասիվցի Անդիկին. սպանության կադրերը