Ի՞նչ խոսեցին փակ դռների հետևում. Sasstex-ի տնօրինությունն ու բանվորուհիները հանդիպեցին

Ավելի քան երկու ամսվա բողոքներից հետո Գյումրու Sasstex կարի գործարանում աշխատող կանայք փակ դռների հետևում հանդիպեցին Քրիստիան Գելիջիի հետ։ Հանդիպումից հետո ոմանք հույսով լցվեցին, որ ամեն ինչ լավ է լինելու, իսկ ոմանք էլ վստահեցրին` ոչ մի լավ բան չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հուլիսի 23-ին Գյումրու Sasstex կարի գործարանի տնօրինությունը՝ ի դեմս ընկերության տնօրեն Քրիստիան Գելիջիի, ավելի քան 2 ամիս տևած բողոքներից հետո ի վերջո հանդիպեց բանվորուհիների հետ: Մոտ 4 ժամ տևած խորհրդակցությունն անցավ փակ դռների հետևում. լրագրողներին արգելվեց ներկա գտնվել հանդիպմանը, աշխատակիցներին էլ՝ խոսել լրագրողների հետ:

«Յուրաքանչյուր լրագրողի մուտք կխանգարի հանդիպմանը»,– ասաց շինարարության պատասխանատու Ներսես Տասչյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչու լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել խորհրդակցությանը։

Նշենք, որ գործարանի բանվորների բողոքից հետո միայն մի քանի բանվորներ էին շարունակում աշխատել, մյուսներին տնօրինությունը, առանց որևէ բացատրության, աշխատանքի չէր կանչում:

Կանայք կրկին խաբվածի դերում են. Sasstex-ի ղեկավարությունը չկատարեց խոստումը

Գործարանի ներկայացուցիչը նշեց նաև, որ աշխատանքային պայմաններից բողոքող կանանց աշխատանքից չեն հեռացրել։

«Սուտ է, նման բան չկա, նույնիսկ 3 մարդ ազատված չէ»,– ասաց նա:

Մոտ 2 ամիս տևած բողոքների ընթացքում բանվորուհիներն անընդհատ պատմում էին ոչ նորմալ պայմանների ու շատ ցածր վճարների մասին, բայց այսօր նրանք հրաժարվում էին պատասխանել լրագրողների հարցերին:

Ի՞նչ խոսեցին փակ դռների հետևում. Sasstex-ի տնօրինությունն ու բանվորուհիները հանդիպեցին

«Դեռ ոչ մի բան չգիտենք, մեզ ասացին, որ պետք է գնանք վճարովի արձակուրդի, հետո էլ սեպտեմբերի 1-ին պայմանագրերը կվերանայվեն: Պետք է, որ լավ լինի»,- ասաց բանվորուհիններից մեկը:

Ի՞նչ խոսեցին փակ դռների հետևում. Sasstex-ի տնօրինությունն ու բանվորուհիները հանդիպեցին

«Ստրուկի պես ենք աշխատում». Գյումրու Sasstex-ի աշխատակիցների բողոքը հասավ մարզպետարան

Կանանցից երկուսը շուտ էին դուրս եկել ժողովից և նշեցին, որ նոր բան չի խոսվել։

«Ոչ մի լավ բան չկա։ Լրիվ նույն է, եկել ու համոզում էին, որ իրենք են ճիշտ, մենք էլ որոշեցինք այլևս այս պայմաններով չաշխատել: Աշխատանքից ազատման դիմում էլ տվել ենք, բայց դա էլ չեն ստորագրում»,– ասացին նրանք:

Ինչպես գործարան մտնելիս, այնպես էլ դուրս գալիս նրանց ուղեկցում էր Ներսես Տասչյանը:

«Մենք արդար, մաքուր ենք: Իմ կարծիքով՝ ոչ մեկն էլ դժգոհ չէ մեզանից:Շատ լավ պայմաններ ենք առաջարկում, շեֆը եկավ, խոսեց, ամեն ինչ հասկացան: Ոչ մի բան չենք փոխել, ամեն ինչ կարգավորել ենք օրենքի սահմաններում, բոլորն էլ համաձայն էին»,- ասաց Տասչյանը:

Քրիստիան Գելիջին այդպես էլ չընդունեց լրագրողներին:

Ի՞նչ խոսեցին փակ դռների հետևում. Sasstex-ի տնօրինությունն ու բանվորուհիները հանդիպեցին

Հիշեցնենք, որ Sasstex ընկերությունը գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակում:

Sasstex ընկերության տնօրեն Քրիստիան Գելիջին տարիներ շարունակ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել էր նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:

Գործարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում նշված է` գործարանի հիմնադիրներն են «ԷՄ. ՏԵՔՍՏԻԼ» ՓԲԸ–ն ու Հաջիկ Գելիջին, որի մասնակցությունը դադարեցված է։

Իսկ «ԷՄ. ՏԵՔՍՏԻԼ» ՓԲԸ–ի ղեկավարության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, նշված է միայն, որ ընկերությունը գրանցվել է 2015 թվականի հոկտեմբերի 1-ին։