Ախպեր ջան, ոնց որ թե նորից գնա՞նք «խոպան»… հայերը շարունակում են Ռուսաստան մեկնել

Հազարավոր հայրենակիցներ տակավին նախընտրում են «աշխատել Ռուսաստանում, ապրել Հայաստանում» տարբերակը:
Sputnik

Տեղեկությունը, որ ավելացել է Ռուսաստանի միգրացիոն ներհոսքը, և այդ հարցում Հայաստանն առաջատարների մեջ է, իհարկե ուշադրություն գրավեց: Ըստ ՌԴ Գայդարի ինստիտուտի փորձագետների ուսումնասիրության՝ Հայաստանը Ռուսաստանի հիմնական «միգրացիոն դոնորների» շարքում է մնում:

«Զվարթնոցի» ցերեկային չվերթերը կվերսկսվեն. հայտնի է` երբ պատրաստ կլինի թռիչքուղին

Եթե հիմք ընդունենք ռուսական մասնագիտացված հետազոտական կառույցի ուսումնասիրությունները, ստացվում է, որ Հայաստանից շատ-շատերը ինչպես վերջին տարիներին մեկնում էին Ռուսաստան, այնպես էլ շարունակում են դա անել:

Համենայն դեպս, ուսումնասիրության մեջ նշվում է, որ դեպի Ռուսաստան ամենից շատ արտագաղթում են Հայաստանից  և Ուկրաինայից, մինչդեռ օրինակ՝ Բելառուսից ու Մոլդովայից միգրացիոն հոսքը նվազել է:

Նշվում է նաև, որ 2019 թ. հունվար-ապրիլին Հայաստանից Ռուսաստան է ժամանել 12, 8 հազար մարդ, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել էր 4.9 հազար մարդ: Հետազոտության մեջ նշվում է նաև, որ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածք է ժամանել Հայաստանի ավելի քան 49 հազար քաղաքացի: Պետք է թերևս ենթադրել, որ խոսքն աշխատելու նպատակով մեկնածների թվի մասին է, քանի որ իրականում Հայաստանից դեպի Ռուսաստան մարդկանց հոսքը շատ ավելին է:

Բայց հարցը նույնիսկ թվերը կամ թվային տվյալները չեն, այլ միգրացիոն հոսքի որակական կամ բովանդակային հանգամանքները, ամենից կարևորը՝ տրամադրություններն ու ընդհանուր միտումները:

Առհասարակ, ինչ վերաբերում է միգրացիայի վերաբերյալ թվերին՝ լուրջ վերլուծողները նախընտրում են հիմնվել տարեկան ամփոփ  տվյալների, պաշտոնական վիճակագրության վրա: Ի վերջո, կա միգրացիոն հոսքերի սեզոնայնություն կոչվող երևույթը:

Դա այն է, որ տարվա որոշակի ժամանակահատվածում կարող է՝ Հայաստանից դեպի Ռուսաստան հոսքն է մեծ, իսկ ասենք, ձմեռնամուտին՝ հակառակ ուղղությամբ հոսքը: Այնպես որ, կարելի է նաև համբերատար սպասել հաջորդ տարվա հունվար-փետրվարին, երբ 2019-ի տարեկան ամփոփ վիճակագրական տվյալները կլինեն, ու դրանից հետո ավելի խորը, ավելի ակադեմիական վերլուծությամբ զբաղվել՝ մանավանդ որ՝ միգրացիոն հոսքերը, այդ թվում՝ աշխատանքային միգրացիան, կարող են պայմանավորված լինել մի շարք ազդող գործոններով:

Սակայն կրկնեմ՝ ելակետը երևույթի որակական կողմն է և այն, որ ընդամենը մեկ տարի ու մի քանի ամիս առաջ բոլորովին այլ տրամադրություններ էին տիրում, բոլորովին այլ կարգի խանդավառ կարգախոսներ և հայտարարություններ էին հնչում, հասկանալի է՝ ապրիլ-մայիսին իրականացված «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ» պայմանավորած: 

Բիչախչյան. «Միգրացիոն հոսքերը կառավարելու համար պետք չէ առանձնացնել ըստ ազգությունների»
Թեթևակի արժե հիշեցնել, որ նույն այդ ապրիլ-մայիսին իշխանության եկած՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաև իր համախոհները տարիներ շարունակ ասում էին, թե հենց իշխանափոխություն լինի՝ հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր հայեր գրեթե միաժամանակ կվերադառնան Հայրենիք: Կվերադառնան՝ այն շենացնելու, կառուցելու, զարգացնելու և այլևս չհեռանալու ցանկությամբ, ոգևորությամբ և վճռականությամբ: Դրա համար միայն մեկ հիմնական պայման էր նշվում, նաև արտերկրում հաստատված, սոցիալական ցանցերում՝ գերակտիվ հայերի գրառումներում: Մասնավորապես նշվում էր, թե միայն հեռացրեք «հանցավոր ռեժիմը», կարճ ասած՝ իշխանափոխություն արեք, կգան:

Իշխանափոխությունը ավելի քան 14 ամիս է, ինչ կայացած փաստ է: Ում համար կայացած չէր կամ կիսակայացած էր, լիարժեք դարձավ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, անցյալ տարվա դեկտեմբերին: Եվ ի՞նչ:

Այն, որ դատելով միգրացիոն հոսքերի վերաբերյալ արդեն հիշատակված ռուսական գիտական կենտրոնի ուսումնասիրությունից, նաև, ինչո՞ւ ոչ, ամենասովորական անձնական դիտարկումներից, տարբեր հայրենակիցների հետ խոսքուզրույցից, մերոնք ինչպես գնում էին Ռուսասատան՝ «երկար ռուբլու հետևից», այնպես էլ շարունակում են գնալ: Գուցե մի քիչ շատ, գուցե մի քիչ քիչ: Բայց ընդհանուր միտման, հոսքի բովանդակության առումով՝ նկատելի որակական տեղաշարժ չկա: Դեռևս չկա:

Ռուսաստանը Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտներին կենսաթոշակ կվճարի

Մի կողմից՝ իհարկե կլինեն կարծիքներ, թե մարդիկ տարիներով գնացել-եկել են, ի՞նչ է, ուզում էիք, որ մեկ օրում (իրականում արդեն տարուց ավելի է) ամեն ինչ փոխվե՞ր: Բայց մյուս կողմն էլ կա. եթե շարունակում են նույն կամ գրեթե նույն տեմպով գնալ, ուրեմն սեփական երկրում դեռ չեն տեսնում վաստակի ու կայուն եկամտի այն հնարավորություններն ու նախադրյալները, որոնք իրենց  կհրապուրեին ու հայրենի եզերքում կպահեին, սեփական տունուտեղի, ընտանիքի կողքին:

Ու ստացվում է, որ հազարավոր հայրենակիցներ տակավին նախընտրում են «աշխատել Ռուսաստանում, ապրել Հայաստանում» տարբերակը կամ՝ «ախպեր ջան, ոնց որ թե նորից գնա՞նք «խոպան»…» մոտեցումը: Սա՝ լավատեսական մոտեցման դեպքում:

Իսկ մեկ ուրիշ կողմից էլ չի երևում այն ներհոսքը, որի մասին այդքան խոսվում էր նախահեղափոխական ընդդիմադիրների բոցաշունչ ելույթներում, և որի վերաբերյալ խանդավառությունը թևածում էր հետհեղափոխական առաջին օրերին, ու ոչ միայն հռետորների խոսքերում:

Հեղափոխությունը որևէ երկրի դեմ չէ. Փաշինյանը խոսել է ՌԴ-ի հետ հարաբերութունների մասին
Հարկավ, այս ընթացքում Հայաստան վերադարձած ու հաստատված հայրենակիցներ կան: Բայց խոսքը նախ տասնյակների մասին չէր և ոչ էլ նոր-նոր «հետախուզական-ճանաչողական շրջագայությամբ» մի քանի օրով ժամանող-մեկնողների, կամ էլ, ինչպես միշտ, ամառային արձակուրդներին տատաքույրերին ու պապեղբայրներին տեսակցության եկած երեխաների ու պատանիների: Խոսքը տասնյակ հազարավորների, եթե ոչ ավելի խոշոր ներհոսքի, անգամ՝ ներգաղթի մասին էր:

Իսկ դա իր հերթին ենթադրում էր գոնե այնպիսի մարդկային հոսք, որ նկատելի լիներ, դե, թեկուզ այնպես, ինչպես օրինակ՝ նկատելի են Հնդկաստանից ու մերձակա երկրներից եկած միգրանտները Երևանի փողոցներում: