Իրենց օրենքից վեր դասող մարդկանց ժամանակն անցել է. Հայաստանում ԵՄ դեսպան

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրել է Հայաստանում կատարված փոփոխությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները շատ կարևոր էին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին` ամփոփելով իր դիվանագիտական առաքելության արդյունքները։

«Ամենաառաջին ու կարևոր քայլը ժողովրդավարական ընտրություններն են, ու Հայաստանը վստահ եմ` աննախադեպ մակարդակ է ապահովել ժողովրդավարության զարգացման համար։ Բայց պետք է անել նաև հաջորդ քայլը»,– ասաց Սվիտալսկին։

Բաղդասարյան. «Հայաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը դրական է, բայց նաև զգուշավոր»

Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ ԵՄ դեսպանի, կոռուպցիայի դեմ պայքարն է, որտեղ ՀՀ նոր իշխանությունը քաղաքական կամք է ցուցաբերել ու հստակ դիրքորոշում ստանձնել։

Երրորդ կարևոր քայլն, ըստ նրա, որ նկատելի է Հայաստանում վերջին ամիսներին, անպատժելիության զգացումի վերացումն է։

«Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ իրենք օրենքից վեր են։ Կարծում եմ` ՀՀ շարքային քաղաքացիների համար շատ կարևոր է և նրանք վերջապես ձերբազատվել են այդ զգացումից, որ երկրում կան օրենքից վեր մարդիկ կամ նման վարք ունեցող մարդիկ։ Դա ավարտվել է»,– ասաց Սվիտալսկին։

Բայց հավասարությունն օրենքի առաջ, նրա դիտարկմամբ, միայն առաջին քայլն է, որին պետք է հետևի արդար ու անբիծ դատական իշխանություն ունենալը։

Ինչո՞ւ է բարդացել Շենգենյան վիզա ստանալը. պատգամավորն ու մասնագետը մտահոգ են

Պյոտր Սվիտալսկին երկրում ժողովրդավարության ու արդարության հաստատման ու պահպանման գործում հատկապես կարևորեց մամուլի դերը` ասուլիսին ներկա լրագրողներին կոչ անելով տեսնել ու մատնանշել նաև իշխանությունների հնարավոր սխալները` դրանք վերացնելու նպատակով։

«Ձեր կառավարությանն էլ է անհրաժեշտ ունենալ ազատ, օբյեկտիվ, անկողմնակալ մամուլ»,– ասաց նա` հիշեցնելով, որ մամուլն իշխանության չորրորդ ճյուղն է։