ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Այս մասին նշված է համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրել են ՀՅԴ–ն, «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», «Մեկ Հայաստան», Ռամկավար Ազատական և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները:
«Արդարադատության արդյունավետ գործունեության կարևորագույն երաշխիքներից է դրա ապաքաղաքական բնույթն ու անկախությունը օրենսդիր և գործադիր իշխանությունից: Ի հակադրություն միջազգայնորեն ճանաչված և սահմանադրորեն ամրագրված այս սկզբունքների, ներկայիս քաղաքական իշխանությունը, ժողովրդաիշխանության և կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ շահարկելով դատաիրավական համակարգում առկա և տարիների ընթացքում կուտակված խնդիրները, արատավոր երևույթները, ըստ էության, ձեռնամուխ է եղել ծայրահեղ գործողության՝ դատական իշխանության լիակատար յուրացմանը»,– նշել են քաղաքական ուժերը:
Բոզոյան․ «ՍԴ-ն վերջին բաստիոնն է, որ փորձում է գրավել Նիկոլ Փաշինյանը»
Կուսակցություններն ընդգծել են, որ սահմանադրական կարգի պահպանման և անհրաժեշտ անվտանգային իրավիճակի ապահովման համատեքստում անընդունելի և դատապարտելի է, երբ.
- Քաղաքական իշխանության ուղղակի մասնակցությամբ կազմակերպվում է դատարանների արգելափակում, խոչընդոտվում է դատավորների և փաստաբանների բնականոն աշխատանքը, ճնշում է գործադրվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների վրա:
- Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Այս նպատակով Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն, ըստ էության, պարտադրեց Հանրապետության նախագահին՝ առաջադրել Սահմանադրական դատարանի՝ իշխանության քաղաքական հայացքներն ու գործելաոճը որդեգրած դատավորի թեկնածու, որն իր ընտրության հաջորդ օրն իսկ ինքն իրեն ապօրինաբար հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ:
- Դատական համակարգի նվաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը լծվել են նաև իշխանամերձ մամուլն ու փորձագիտական ուղղորդվող մի շրջանակ, որն առանց հստակ հայեցակարգի, առաջ է քաշում և փորձում դատական բարեփոխումների քաղաքական օրակարգը փոխարինել ոչ իրատեսական, երկրի իրավական անվտանգությանը սպառնացող գաղափարներով` ներառյալ անցումային արդարադատությունը, դատավորների համատարած վեթինգը, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը: Արհամարհելով իրավունքի գերակայության, անմեղության կանխավարկածի, սեփականության անձեռնմխելիության սկզբունքներն ու աղավաղելով դատաիրավական համակարգի բնականոն բարեփոխման օրակարգը՝ հարվածի տակ են դրվում Հայաստանի Հանրապետության գործող իրավակարգը և երկրի կայունությունը:
- Վերոհիշյալ գործողությունները հարվածում են նաև Հայաստանի միջազգային հեղինակությանը, հակասում են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին և խաթարում մեր պետականության հիմքերը:
Կուսակցությունները նաև պահանջներ են ներկայացրել ԱԺ–ին, կառավարության ու ՀՀ նախագահին։
ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից պահանջում են հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից, նախաձեռնել դատական համակարգի համապարփակ բարեփոխումների փաթեթի մշակում, հանրային և մասնագիտական քննարկումներ՝ նպատակադրելով անկախ և քաղաքական ազդեցությունից զերծ դատարանների ձևավորումը՝ ՀՀ Սահմանադրության պահանջների և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խստիվ պահպանմամբ:
Հանրապետության նախագահից պահանջում են՝ որպես պետության գլուխ և Սահմանադրության պահպանմանը հետևող անաչառ և բացառապես համապետական ու համազգային շահերով առաջնորդվող բարձրագույն պաշտոնատար անձ, ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին՝ դատական իշխանության շուրջ ստեղծված լարված մթնոլորտը լիցքաթափելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, դատարանների և դատավորների` ներառյալ Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքը խաթարող գործընթացները կասեցնելու, արդարադատություն իրականացնելիս նրանց անկախությունը երաշխավորող սահմանադրական նորմերի ամբողջական ապահովման նպատակով:
Կուսակցությունները դիմել են քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտահոգված մեր հայրենակիցներին՝ մերժել իրավական պետության կայացմանը խոչընդոտող գործողությունները, համախմբվել դատական համակարգի բնականոն բարեփոխումների օրակարգի շուրջ՝ հանձնառու լինելով ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական օժանդակություն դրանց իրականացմանը և ձևավորել իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգ:
«Գործող քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների շարունակվելու դեպքում՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում հասու միջոցներով հակազդելու ենք բոլոր ապօրինի գործողություններին և պատասխանատվության ենք կանչելու կազմակերպիչներին»,–նշել են հայտարարության տակ ստորագրած կուսակցությունները։
Հիշեցնենք` մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Իսկ կեսօրին հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի` դատական համակարգի բարեփոխմամբ։ Որպես բարեփոխման ուղի վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է վեթինգ իրականացվի։
Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք դիմում ներկայացնում. ՍԴ նախագահը` Փաշինյանին