Բացահայտված է «դարի խարդավանքը». ո՞րն է երևանյան հրդեհների պատճառը

Գաղտնիք չէ, որ խոտածածկ տարածքներում հրդեհներ ամեն տարի էլ լինում են: Այս տարի դրանց նկատմամբ ուշադրությունը կարծես ավելի մեծ է: Գուցե այն պատճառով, որ դեպքերն ավելի շատ ու հաճախակի են թվում:
Sputnik

«Ինչո՞ւ են այրվում Հրազդանի կիրճի, Ծիծեռնակաբերդի, Նորքի խոտածածկ տարածքներն ու անտառակները»,-վրդովված հարցնում են տարբեր մարդիկ: Տրամաբանական բացատրությունները մի տեսակ հողեղեն են հնչում՝ շոգ եղանակ, անգամ՝ կիզիչ տապ, գումարած՝ չորացած խոտի որոշակի ծավալի առկայություն, գումարած՝ մարդկային ամենապրիմիտիվ անփութություն: Եթե անփութությունն էլ չլինի, ասենք՝ չմարած ծխուկի, չնախատեսված վայրում կրակ անելու, ինչ-որ զվարթություն անպայման հրավառությամբ «զարդարելու» տեսքով, ապա նույնիսկ ջարդված ապակյա տարայի (շշի, բանկայի) բեկորը բավական է, մնացածը արևի ճառագայթներն ու քամին կանեն:

Հրդեհ` Հաղթանակի զբոսայգում. տեսանյութ

Կոնկրետ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, բացի այն բանից, որ այս օրերին հալումաշ լինող հրշեջների ջանքերով ամեն դեպքում պայքարում է այդ բռնկումների դեմ, նաև sms-հաղորդագրություններ է տարածում, որ այսպես ու այսպես՝ հրդեհների քանակն աննախադեպ աճել է, եղեք զգոն, պահպանեք անվտանգության կանոնները: Ափսոս միայն, որ մի մեկուկես-երկու ամիս առաջ ԱԻՆ-ը նույնպիսի հաճախականությամբ քաղաքային իշխանությանը չէր «բզում», թեկուզ sms-ներով, թե հարգելի քաղաքապետարան, քայլեր ձեռնարկեք, որ այդ խոտը հնձվի, որ տարածքներում առկա ջրախողովակները գործեն և այսպես շարունակ: Չնայած, հաշվի առնելով, որ ԱԻՆ-ը փորձառու գործիչ է գլխավորում, հիմնականում փորձազուրկ քաղաքապետարանին, ինչպես էլ չլինի, ասած կլինեն:

Ամեն դեպքում, փաստն առկա է, խոտը փարթամ աճել է, հետո արագորեն չորացել, դարձել դյուրավառ նյութ և հիմա էլ կես կայծից բռնկվում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

Այո, բայց նման, թող թույլ տրվի ասել՝ պրոզայիկ բացատրությունը կամ պատճառահետևանքային կապը որոշ հայրենակիցների ամենևին ձեռնտու չէ: Սոցցանցերում կան պայծառ գլուխներ, որ կարող են, օրինակ, միմյանց կապել, ենթադրենք խոտածածկ տարածքների հրդեհները և… Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործը:

Հարցն այն չէ, որ, օրինակ, «Ֆեյսբուքում» ինչ-որ մեկը նման «հանճարեղ» գրառում է կատարել: Հարցն այն է, որ հարյուրավոր ուրիշներ դա «լայքել» են, իսկ մի հարյուրի չափ օգտատերեր էլ տարածել: Ըստ որում, նման անհեթեթությանը հավատացած, դա բացարձակ ճշմարտության ու «հալած յուղի» տեղ ընդունած հայրենակիցներին միավորում է ևս երկու բան. անվերապահ աջակցությունը «նոր Հայաստանի» ներկայիս իշխանությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին և նույնքան անվերապահ ատելությունը նախկինների հանդեպ:

Հրդեհ` Ծիծեռնակաբերդի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. տեսանյութ

Ու սոցցանցերում, խոտային հրդեհից էլ շատ ավելի մեծ արագությամբ, տարածվում են նմանօրինակ հանճարեղ, ուղղակի հրաշազմայլ «բացահայտումները»: Ըստ որում, դրանք, արդեն մի տեսակ առօրեական դարձած հայհոյանքներից ու լուտանքներից բացի (հասկանալի է՝ նախկինների հասցեին), ուղեկցվում են նաև ուղղակի սպառնալիքներով: Մեկն անգամ այդպես էլ գրել էր, թե առաջարկում է այրել Ռոբերտ Քոչարյանի դղյակը:

Հազիվ թե «նոր Հայաստանի» իրավապահ մարմինները կարձագանքեն նման դրսևորումներին: Վերջին հաշվով, հո իշխանության ներկայացուցչի՞ չեն սպառնացել կամ էլ, ասենք, որևէ կողմնակցի, որ իրար խառնվեն: Չնայած, մեկ էլ տեսար՝ արձագանքեցին:

Վերադառնանք հրդեհներին: Համեմատաբար ոչ վաղ անցյալի: Այն, որ խոտածածկ տարածքներում անցյալում էլ են բռնկումներ եղել, տարբեր հաճախականությամբ, մի առանձնապես գաղտնիք կամ նորություն չէ: Բավական է հիշել թեկուզ մի երկու տարի առաջվա խոշոր աղետը, երբ ոչ թե սոսկ խոտածածկ տարածք, այլ կարելի է ասել՝ Խոսրովի արգելոցի մի ահագին հատված տուժեց օրեր շարունակ մոլեգնող հրդեհից:

Հա, բայց «հին Հայաստանում» ոչ մեկի մտքով չանցավ դրա համար մեղադրել այդ ժամանակվա իշխանության հակառակորդներին, կալանավորված զինված խմբերի կողմնակիցներին կամ չգիտեմ թե էլ ում: Եթե անցներ էլ, ապա դրա հեղինակն այնպիսի ծաղրուծանակի առարկա կդառնար, որ իրեն նման «հրավառ» կարծիք թույլ տրված անձնավորությունը երևի մի երկու տարի «ֆեյսբուք» բառը լսելիս նյարդային ցնցումներ կունենար:

Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկել. տեսանյութ

Իսկ հիմա այլ է: Հիմա իրողություններ են փոխվել, ու կարելի է ասել, որ, օրինակ, Իջևանի դեպքերը նախկիններն էին կազմակերպել կամ հրահրել (հետաքրքիր է, թե մի երկու տարի առաջվա Դիլիջանի դեպքե՞րն ովքեր էին հրահրել), կարելի է լուրջ-լուրջ գրել, թե խոտածածկ տարածքների հրդեհները «քոչարյանականների» խարդավանքն է կամ ակնարկել, որ նրանց ձեռքի գործն է: Ու… դա շատ-շատերը կընդունեն որպես անքննելի ճշմարտություն, դարի խարդավանքի բացահայտում, ավելին՝ ոմանք կառաջարկեն անգամ հաշվեհարդար տեսնել:

Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը

Ինչ-որ բան բացատրել նման անձանց, իհարկե, անիմաստ է: Նույն հաջողությամբ կարելի է խոտածածկ տարածքի հրդեհը մարել, ասենք, կրակի գլխին քարոզ կարդալով: Ոչինչ չի ստացվի: Բայց դա կարևոր չէ, կարևորը, որ նույնիսկ ԵՄ ներկայացուցիչն է ասում, որ աննախադեպ ժողովրդավարական հաջողություններ ունենք:

Իսկ հրդեհները՝ հե՜չ: Ի վերջո, աշուն կգա, անձրևներ կլինեն, ու հիմա էլ անձրևոտ եղանակի համար մեղադրանքները կուղղվեն նախկիններին, մութ ուժերին, չար կախարդներին ու այդպես շարունակ: Հետաքրքիր է միայն, թե այդ մանիպուլյատիվ «կտերը» դեռ որքան երկար ժամանակ «կաշխատեն» նման զանգվածի ընդգրկմամբ: