ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Քրեական գործով առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք:
Ըստ հաղորդագրության` նա կաշառքը վերցրել է ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար 2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցում նպաստելու համար։
Նախկին պաշտոնյաները կաշառք են վերցրել նպաստի դիմաց. ովքե՞ր են «կերել» անապահովների փողը
Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ավագ դատախազ Լ. Կ -ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է