90-ամյակը ծովափնյա հանգստից հրաժարվելու պատճառ չէ. Ռոզա տատիկը գնացքով մեկնեց Բաթում

Հավատարիմ ուղևորին դիմավորեցին ծաղիկներով և շնորհակալություն հայտնեցին երկաթուղու ծառայություններից օգտվելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Հուլիսի 22-ին Երևանից Բաթում մեկնեց «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի «Արմենիա» ֆիրմային գնացքի ամենատարեց ուղևորներից մեկը՝ 90-ամյա Ռոզա Ղարիբյանը։ Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից, կինը ճամփորդում է թոռնուհու և ծոռնուհու ուղեկցությամբ: Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակչուհին Բաթումի մեկնում է բավականին հաճախ, օրինակ, անցյալ տարի տիկին Ռոզան նույնպես նախընտրել է «ՀԿԵ» ՓԲԸ գնացքը:

«Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում. «ՀԿԵ»

Այս տարի հավատարիմ ուղևորին դիմավորեցին ծաղիկներով և շնորհակալություն հայտնեցին երկաթուղու ծառայություններից օգտվելու համար:

Ռոզա Ղարիբյանը ծնվել է Արտաշատում, իսկ ամուսնությունից հետո տեղափոխվել Արարատ: Ամուսնու հետ նրանք դաստիարակեցին 4 երեխա, որոնցից մեկը՝ Արցախի ազատագրական պայքարի մասնակից է:

Միշտ բանջարանոցում, կոլխոզում, անասնաֆերմայում աշխատած Ռոզա Ղարիբյանն այսօր արդեն 13 թոռ ունի: «Հիմա էլ  գնում ենք Բաթում, որտեղ պիտի գա նաև իմ աղջիկն իր ընտանիքով: Նրանք հիմա Ֆրանսիայում են ապրում և մենք որոշեցինք ծովափում հանդիպել, - պատմում է ՀԿԵ-ի ամենատարեց և լավատես ուղևորներից մեկը՝ երկաթուղուն շնորհակալություն հայտնելով ուշադրության և հոգատարության համար: