ՌԱԴԻՈ

Վարդևանյան. «Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կիրառելի է ԵԽ անդամ բոլոր երկրների համար»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու է Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու Վենետիկի հանձնաժողով։
Sputnik
Վարդևանյան. «Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կիրառելի է ԵԽ անդամ բոլոր երկրների համար»

Արամ Վարդևանյանի պարզաբանմամբ` դա մի գործիք է, որը լայն տարածում ունի միջազգային փորձում։ Եթե ուսումնասիրենք Եվրոպայի խորհրդի անդամ երկրների փորձը, հենց սահմանադրական դատարաններն են, որոնք կոնկրետ գործով դիմում են Վենետիկի հանձնաժողով։

Ի՞նչ կտա Ռոբերտ Քոչարյանի հարցով ՄԻԵԴ որոշումը ՍԴ–ին. բացատրում է պաշտպանը

«Քանի որ Վենետիկի հանձնաժողովը հենց սահմանադրական նորմերի լավագույն զարգացման օրինակներն ու վերլուծություններն է ներկայացնում, երբ սահմանադրաիրավական վեճ է առկա լինում, այն լավագույն խորհրդատվական կարծիք ներկայացնող մարմինն է ԵԽ անդամ երկրների համար»,-փաստում է Վարդևանյանը։

Նրա խոսքով`բազմաթիվ են դեպքերը, երբ Բուլղարիայի, Ուկրաինայի, Լեհաստանի սահմանադրական դատարանները դիմում են Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար և ստանում են այդ կարծիքը։

«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կիրառելի է ԵԽ անդամ բոլոր երկրների համար»,-նշում է փաստաբանը։

Քոչարյանի պաշտպանական խմբի անդամը Վենետիկի հանձնաժողով դիմելու ՍԴ-ի նախաձեռնությունը բնական է համարում։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն, ապա, Արամ Վարդևանյանի դիտարկմամբ, դա համեմատաբար ավելի նոր գործիք է։

«Այն օգտագործում են սահմանադրական արդարադատության մարմինները կամ բարձրագույն դատական մարմինները, Հայաստանի պարագայում ՍԴ-ն ու վճռաբեկ դատարանը»,-ասում է Վարդևանյանը։

Հիշեցնենք` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմել է ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով։