Սիրիայի Մեծ Մուֆթին ՀՀ իշխանություններին և ժողովրդին փոխանցել է իրենց երախտագիտությունը

Մեծ Մուֆթի, դոկտոր Ահմադ Բադր ալ-Դին Հասունը խոսել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին` նշելով, որ հայերը եղել են և միշտ կմնան սիրիական հասարակության անբաժանելի մասը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի, դոկտոր Ահմադ Բադր ալ-Դին Հասունի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հալեպում տեղակայված Հայաստանի Հանրապետության մարդասիրական առաքելության խմբի կենտրոն:

Հայ սակրավորները Սիրիայում 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել

Ինչպես տեղեկացնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից, հանդիպման ընթացքում Մեծ Մուֆթի, դոկտոր Ահմադ Բադր ալ-Դին Հասունը խոսել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին` նշելով, որ հայերը եղել են և միշտ կմնան սիրիական հասարակության անբաժանելի մասը: Նա անդրադարձ է կատարել Սիրիայի մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում հայերի ունեցած մեծ ավանդին, շեշտելով այն հանգամանքը, որ Ցեղասպանությունից փրկված հայերը ոչ միայն փրկության ափ գտան Սիրիայում, այլև, որպես նշան մեծ երախտագիտության,ամբողջությամբ լծվեցին Սիրիական Հայրենիքի շենացման և բարգավաճման գործին`բարեկամության կամուրջներ կառուցելով երկու եղբայրական երկրների` Սիրիայի և Հայաստանի միջև:

Սիրիայի Մեծ Մուֆթին ՀՀ իշխանություններին և ժողովրդին փոխանցել է իրենց երախտագիտությունը

Անդրադառնալով ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեությանը` Սիրիայի Մեծ Մուֆթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին փոխանցեց սիրիական իշխանությունների երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերը, միաժամանակ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքները թե առողջապահության, և թե հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին:

Սիրիահայերին սիրում և հարգում են Սիրիայի իշխանությունն ու ժողովուրդը.հյուպատոսն ասաց`ինչու

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին նշել է, որ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Դամասկոսում և Հալեպում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատել են ամբողջական ծավալով` Սիրիայի ժողովրդի հետ հավասարաչափ կիսելով պատերազմի ողջ զրկանքներն ու դառնությունները: Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից բազում մարդասիրական  օգնություններ են ուղարկվել սիրիայի բարեկամ ժողովրդին` այն առաջին հերթին դիտարկելով որպես բարոյական պարտքի դրսևորում:

Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով Մեծ Մուֆթի դոկտոր Ահմադ Բադր ալ-Դին Հասունին կենտրոն այցելության, ինչպես նաև բարձր գնահատականի և վստահության համար, ասաց, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել համասփյուռ հայ ժողովրդի կողմից, և, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայում բնակվող ժողովրդի հոգսերի կրճատմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայություններ տրամադրմանը:

Հիշեցնենք, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել փետրվարի 8-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։