«Սիրելի Սերժ, բնակարան գնեք Իջևանում». Միհրան Հակոբյանը բաց նամակ է գրել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ Միհրան Պողոսյանը խնդրում է կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանին տված խոստումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը Իջևանում ծավալված իրադարձությունների առնչությամբ բաց նամակ է հղել հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանին: Նա այդ մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Նախկին հանցավոր ռեժիմի տարիներին Դուք պայքարում էիք Հայաստանի անտառների համար: Հիմա իրավիճակը հետևյալն է. Նոր Հայաստանում անտառները վտանգի տակ են: Քանի որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան ԱՄՆ-ն և եվրոպական երկրները(դա ես չեմ ասում, Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության իշխանությունն է ասում), ապա Իջևանի ժողովուրդը որոշել է, որ իրենք են՝ իրենց անտառը, ինչ ուզեն՝ կանեն»- գրել է Հակոբյանը:

Նա նշել է, որ Իջևանում ծնված մեր ներկայիս վարչապետը և Ոստիկանության զորքերի հրամանատարը դեմ են Իջևանի ժողովրդի որոշմանն ու մի լավ «քոթակել են Իջևանում ապրող Հայաստանի ազատ, անկախ, հպարտ և իհարկե՝ դուխով քաղաքացիներին»:

«Սիրելի Սերժ, մենք խճճվել ենք, քարկապ ենք ընկել: Որպես Նոր Հայաստանի գլխավոր կերտողներից մեկը, որպես ակտիվ հեղափոխական՝ հիմա մենք Ձեր կարիքն ունենք: Խնդրում ենք՝ կյանքի կոչեք ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Եվ, հաշվի առնելով Իջևանում ստեղծված աղետալի իրավիճակը՝ խիստ ցանկալի և օգտակար կլինի, որ բնակարանը գնեք հենց Իջևանում՝ ժողովրդի վարչապետի հայրական տան թաղամասում, ծանոթանաք բնակիչների սոցիալական խնդիրների հետ, անտառի ու բնության խնդիրների հետ» - նշել է Հակոբյանը:

Նախկին պատգամավորը կարծում է, որ Թանկյանի հեղինակավոր խոսքը և հեղափոխական վարքագիծը հիմա Հայաստանում պահանջված են առավել, քան երբևէ:

Ցուցարարները խոսում էին նախապայմանով. Օսիպյանը մեկնաբանել է Իջևանի միջադեպը

«Քայլ արեք, եկեք Իջևան ու սովորացրեք իջևանցիներին տիրապետել անտառը չկտրելու և սովամահ չլինելու նուրբ արվեստին»,– եզրափակել է նա։

Նշենք, որ Թանկյանը «թավշյա հեղափոխությունից հետո` 2018 թվականի մայիսին, Հայաստան էր եկել և խոսել երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունների մասին։ Լրագրողները հետաքրքրվել էին, թե երաժիշտը երբ կգա Հայաստան ապրելու: Նա էլ կատակել էր. «Ես թափառական մի անձ եմ, երաժիշտ եմ, աշխարհով մեկ պտտվում եմ, բայց տարվա մեջ 1-2 ամիս ուզում եմ Հայաստանում մնալ: Բայց անպայման մի տեղ ուզում ենք գտնել Հայաստանում»:

Հիշեցնենք, որ հունիսի 17–ին փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև ունեցել բախումներ էին տեղի, ինչի հետևանքով 13 անձանց տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։