Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք դիմում ներկայացնում. ՍԴ նախագահը` Փաշինյանին

Tert.am-ի հետ զրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկում է լինել ազնիվ, Սահմանադրության մեջ ևս գրել, որ քաղաքական իշխանության փոփոխության պարագայում փոխվում է նաև դատական իշխանությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Այն երկրներում, որտեղ քաղաքական իշխանության փոփոխությունը հանգեցնում է նաև դատական իշխանության փոփոխության, այդ երկրների համար «իրավական», «ժողովրդավարական» տերմիններն այլևս օգտագործելի չեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին

«Դատական իշխանության անկախության գլխավոր գրավականը վերջիններիս անփոփոխելիությունն է: Եթե նրանք քաղաքական դրդապատճառներով կարող են փոխվել, ապա մոռացեք, որ իրենք ընդհանրապես անկախ են, որովհետև օրվա քաղաքական իշխանությունը որոշելու է, թե ով է լինելու դատական իշխանությունը: Եվ դատական իշխանության անկախության գլխավոր երաշխիքը նրանում է, որ նրանք պաշտոնավարում են ավելի երկար ժամանակահատվածով, քան իրենց ձևավորած մարմինները՝ կլինի դա հանրապետության նախագահը, թե Ազգային ժողովը»,–ասել է Թովմասյանը` հավելելով, որ այն պնդումը, թե քաղաքական փոփոխություններից հետո պետք էր նաև դատական իշխանությունը փոխել, որևէ աղերս չունի ո՛չ իրավական պետության, ո՛չ էլ ժողովրդավարական պետության հետ:

Այս պարագայում, ՍԴ նախագահն առաջարկում է լինել ազնիվ, Սահմանադրության մեջ ևս գրել, որ քաղաքական իշխանության փոփոխության պարագայում փոխվում է նաև դատական իշխանությունը: «Սա ազնիվ կլինի, բայց կլինի մեր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին հակասող»,–ասել է նա:

Նախարարությունը մեկնաբանեց վեթինգի մասին ԵԽ զեկույցը. իսկ Փաշինյանը հետո կխոսի

Հրայր Թովմասյանը նկատում է, որ դատական իշխանությունում եղած խնդիրներ պետք է փորձել լուծել, բայց քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականը պահանջելն աղերս չունի իրավական պետության հետ:

Դատավորները դռնփակ ժողով են անում Երևանում

«Կան խնդիրներ, կան մարդիկ, որոնք անհամատեղելի են՝ նրանց վարքագիծը, գործունեությունը ներկա պահանջների հետ, ապա պետք է այդ մեխանիզմները գտնել և այդ մարդկանցից մեկ օր առաջ ազատվել: Ի տարբերություն քաղաքական իշխանությունների, դատական իշխանության նկատմամբ անհասցե քննադատությունը տեղին չէ: Այս պարագայում դա պետք է լինի հստակ և հասցեական: Ընդհանուր քննադատությունը, ընդհանուր տերմինները, հասկացություններն այստեղ անընդունելի են, որովհետև յուրաքանչյուր դատավոր ինքնուրույն իրականացնում է արդարադատություն և ինքը մեղավոր չէ, որ կողքի դատավորն այդ արդարադատությունը սխալ է իրականացնում»,–ասում է ՍԴ նախագահը:

ԲԴԽ–ի դատավոր Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Թովմասյանի խոսքով` դատական իշխանությունն այս առումով գտնվում է անհավասար վիճակում: Երբ որ քննադատություն է հնչում գործադիր, օրենսդիր իշխանության կողմից, ապա զենքերի հավասարության սկզբունքը չի պահպանվում, որովհետև ի տարբերություն օրենսդիրի և գործադիրի, դատական իշխանությունը չունի այդ քաղաքական թիմը, որոնք պետք է պատասխանեն տարբեր ամբիոններից այդ բոլորին: «Դատական իշխանության զենքն իր որոշումներն են, ինքը հանրության հետ խոսում է իր որոշումների միջոցով, ուստի, այստեղ էլ պրակտիկան, կարծում եմ, պետք է գնա այն ճանապարհով, որ կոնկրետ և հասցեական լինի, և լինի այդ քննադատությունը նաև գիտական, եթե գործ ունենք կոնկրետ որոշման հետ: Իսկ ընդհանրապես ասել, որ դատական իշխանությունը վստահություն չի վայելում, կոռումպացված է և այլն, կրկնում եմ՝ ո՞վ ասաց: Այս ընդհանրական հասկացությունները, մոտեցումները դատական իշխանության դեպքում տեղին չեն»,–նշում է Թովմասյանը:

ՍԴ–ում ճգնաժամ կա. ԱԺ նախագահը սպասում է Հրայր Թովմասյանի «ծանրակշիռ խոսքին»

ՍԴ նախագահն ընդգծել է, որ հավատարիմ մնալով իր երդմանը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին, պարտավոր է ցուցաբերել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: «Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանալու և քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասել, որ չեմ կարող այդ քաղաքական պատասխանը տալ, որովհետև քաղաքական էին այդ հարցադրումները և ես դրանք չեմ կարող մեկնաբանել: Պարզապես կարող եմ ասել, որ որոշ արտահայտություններ վիրավորական էին, մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն, մասնավորապես, դատական իշխանության ներկայացուցիչներին և որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային, թե ինչպիսին չպետք է լինեն գործադիր իշխանության ղեկավարի և դատական իշխանության փոխհարաբերությունները, ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության հասցեին»,–ասել է Թովմասյանը:

Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպման, թե ինքը ««բուդկայի» նման սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը, Թովմասյանը նշեց, որ երբեմն հանրային ընկալման մեջ, այս դեպքում` կոնկրետ մարդկանց ընկալման մեջ դիտարկվում է, որ Սահմանադրական դատարանն ինչ-որ հիմնարկ է, ինչ-որ կառույց է, ինքն էլ այնտեղի «դիրեկտորն» է և որոշում է ամեն ինչ:

Ո՞վ է Սահմանադրական դատարանի նախագահը` Վահե Գրիգորյա՞նը, թե՞ Հրայր Թովմասյանը

«Սահմանադրական դատարանի նախագահն արդարադատություն իրականացնելիս հարյուր տոկոսով ունի նույնական լիազորություն, ինչ դատարանի մյուս անդամները, և նման արտահայտությունը առաջին հերթին վիրավորանք է դատարանի մյուսն անդամների նկատմամբ: Եվ հռետորական հարց տամ. իսկ Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք տասնյակ դեպքերում դիմում ներկայացնում, երկրի վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, երկրների դատավորները, արդյոք այդ «բուդկայի՞» հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների Սահմանադրական դատարանների նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են: Նման արտահայտությունները պատիվ չեն բերում և նման խոսակցությունը, նման բառապաշարը, կրկնում եմ, դասագրքային է լինելու, թե ինչպես չի կարելի խոսել երկրի չորս սահմանադրական մարմիններից մեկի մասին, որովհետև այս մարմինները, Սահմանադրական դատարանն ու կառավարությունը, իրենք հավասարազոր են, իրենք՝ որպես սահմանադրական մարմիններ, ունեն հավասար կարգավիճակներ, և չի կարելի մի մարմնի ղեկավարին նման բառապաշարով արտահայտվել մյուսի նկատմամբ»,–ասել է ՍԴ նախագահը:

Հրայր Թովմասյանը նշել է, որ նույնաբովանդակ ձևակերպումներ չի կարելի օգտագործել իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ ևս: