Կստեղծվեն նոր աշխատատեղեր, մշակութային կոթողները կփրկվեն

Հայ–իտալական կենտրոնը գործի է անցնում: Այն հնարավորություն կտա հայ ռեստավրատորներին մեկնելու Իտալիա` վերապատրաստման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Հայաստանում այսուհետ կգործի հայ–իտալական մշակութային ժառանգության զարգացման, պահպանման տարածաշրջանային կենտրոն, որի շնորհիվ առաջին հերթին հայաստանյան մշակութային արժեքները կվերականգնվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը։

Հաղպատի վանքում բռնկված հրդեհն այրել է վանական համալիրի կացարանի մի մասը. տեսանյութ

«Հայ-իտալական վերականգնողական կենտրոնի ստեղծման մասին խոսակցությունները հին են. դեռ 2014թ.-ից փորձ էր արվել սա կյանքի կոչել։ Որոշակի քայլեր արվել էին ու կանգ առել, և վերջապես այսօր արդեն իսկ իրականություն կդառնա այդ ծրագիրը։ Կենտրոնն առաջին հերթին մեզ կտա իտալական դպրոցի վերականգնողական փորձը»,-ասաց նա։

Նրա խոսքով` այսօր օրվա երկրորդ կեսին կենտրոնի ղեկավար կազմի ընտրություն կլինի։ Ի դեպ, կենտրոնի աշխատակիցները հայեր են լինելու։ Թուխիկյանը հայտնեց նաև, որ կենտրոնը հնարավորություն կտա, որպեսզի հայ ռեստավրատորները մեկնեն Իտալիա` վերապատրաստվելու։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ են հուշարձանները, որոնք փրկության կարիք ունեն, սակայն շուտով մենք քայլ առ քայլ կսկսենք վերականգնել դրանք։ Հայ-իտալական վերականգնողական կենտրոնը նաև գիտահետազոտական է լինելու»,-ասաց փոխնախարարը։

Նա տեղեկացրեց նաև, որ 18 ամիս իտալական կողմն է հոգալու կենտրոնի ծախսերը, իսկ մինչ այդ նախարարությունը կփորձի դոնորներ գտնել, որպեսզի դրանից հետո ևս կենտրոնը շարունակի գործել։

Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի խոսքով էլ` կենտրոնը նաև տարածաշրջանային բացառիկ վայր է լինելու։ Նրա կարծիքով` սա համագործակցության նոր հարթակ կհանդիսանա Հայաստանի և Իտալիայի միջև։

Բացառիկ և տեսարժան այս վայրերն այլևս չկան. ոչնչացված հուշարձանների լուսանկարները

«Կենտրոնը կնպաստի, որպեսզի վերականգնվեն մշակութային կոթողները, որոնք էլ տուրիզմի շնորհիվ տնտեսական աճին կնպաստեն։ Կենտրոնի գոյության շնորհիվ նաև մի շարք նոր աշխատատեղեր կստեղծվեն»,-ասաց դեսպանը։

Թալանված հուշարձանները կվերականգնվեն. Փաշինյանն առաջարկեց, որ ոստիկանները հսկեն դրանք

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին տեղի է ունեցել Հայ-իտալական վերականգնողական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը։ Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել դեռ 2018թ.-ի հուլիսի 31-ին, սակայն այն դեռ չի հասցրել գործունեություն ծավալել։