Սևանի բնապահպանական ծրագրերի համար փող տրվել է, բայց լճում լողալը մնում է վտանգավոր

Այս տարի արդեն ջրահեղձման 6 դեպք է գրանցվել։ Արտակարգ իրավիճակների նախարարն ասում է, որ փրկարարների պակաս կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. 2019թ.–ին Եվրամիությունը Հայաստանին 5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Սևան լճի բնապահպանական ծրագրերի համար։

Այսօր կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ո՞վ է պատասխանատու Սևանի ներկա վիճակի համար. Ջավադյանն ազգային պարկին է մեղադրում

Նա նշեց, որ գրանտային ծրագիրը նախատեսված է «2019թ.–ի ՀՀ–ԵՄ երկկողմ համագործակցության ծրագրով», որն առաջիկա օրերին կներկայացվի կառավարության քննարկմանը։

Միաժամանակ, Շրջակա միջավայրի նախարարությունը Գեղարքունիքի մարզի 3 խոշոր քաղաքներում կեղտաջրերի տեղադրման ծրագիր է մշակել, որը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։ Վերջնական մշակումից հետո կհայտարարվեն նաև դրանց իրականացման համար մրցույթներ։

«Բնապահպանությանը, որ փող են տալիս լավ է, բայց մենք պրոբլեմ ունենք Սևանի անվտանգության հետ կապված»,– իր գործընկերների լավատեսական զրույցին միջամտեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը,– «մենք խնդիր ունենք լողափերի կահավորման հետ կապված, բույոկներ չկան։ Ես խմբեր եմ ստեղծել, ամեն լողափում մարդ ենք կանգնեցնում, հենակետեր ենք ստեղծում։ Մանավանդ սեզոնին դեպքեր ունենում ենք, այս տարի արդեն 6 խեղդվողի դեպք ունենք տարբեր տեղերում։ Բնապահպանության նախարարությանը ես ասել եմ` «Սևան» ԱՊ–ն ֆինանսներ չունի այս հարցերի լուծման համար, բայց իրենց վրա է դրված այդ պարտականությունը»։

Լողալ կարելի է, խմել` ոչ. Սևանա լճի մասին ԱՆ տեսակետը

Ցոլակյանը նաև հայտնեց, որ փրկարարների պակաս կա։ Ջրասուզակներ ընդհանրապես չկան։ Նախարարության աշխատանքի հայտարարությունները` 200 000 դրամ աշխատավարձով, մարդկանց չեն գրավում։