Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար

Երկրի հոգևորականության և ոստիկանության ներկայացուցիչները հանդիպել են հայ արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմի հայ պատրիարքարանի ներկայացուցիչներից հայ սեմինարիստի վրա օրթոդոքս հրեաների հարձակման համար, Facebook սոցցանցի իր էջում հայտնել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Հովնան Բաղդասարյանը։

«Սարսափելի ողբերգություն». Հայաստանում Իսրայելի դեսպանը խուսափել է «ցեղասպանություն» բառից

Հուլիսի 16-ին Երուսաղեմի հայ պատրիարքարան են այցելել Քնեսեթի ներկայացուցիչներ ռաբբի Դավիթ Ռոզենցը, ոստիկանության սպաներ և Հագի քաղաքի միջմշակութային կենտրոնի ղեկավար Ագմոն Շնիրը։

«Հանդիպման ընթացքում նրանք ներողություն են խնդրել հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի համար. հայ հոգևոր սեմինարիայի սաների վրա օրթոդոքս հրեաների կողմից հարձակման համար։ Կողմերը քննարկել են, թե ապագայում ինչ միջոցներով կկարողանան նման իրավիճակները կանխել», – գրված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ հրեաների վրա հարձակվել են հենց հայերը (60 սեմինարիստ)։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր տեղի ունեցածի իրական հանգամանքները։