Ձերբակալվածներն ապահով վայրում են. Օսիպյանը` Իջևանի դեպքերով ձերբակալվածների մասին

ՀՀ ոստիկանապետը վստահեցնում է, որ Իջևանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկան սադրիչներ չեն եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Իջևանի միջպետական ճանապարհը փակողների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվածները գտնվում են ապահով վայրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան տեղի էին ունեցել բախումներ` ոստիկանների և ցուցարարների միջև, որի հետևանքով 13 անձ էր տեղափոխվել Իջևանի ԲԿ։

«Ձերբակալվածները գտնվում են ապահով վայրում, հարազատները կարող են չանհանգստանալ։ Նրանց մասով քրեական գործ է հարուցվել` խուլիգանության հատկանիշով, ինչպես նաև ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար»,–ասաց նա։

Անդրադառնալով ցուցարարների հայտարարություններին, թե ոստիկանության մեջ սադրիչներ են եղել` նա նշեց, որ ստում են, նման բան չկա։ Օսիպյանի խոսքով` ոստիկանությունը երբևիցե չի սադրում. ոստիկանության աշխատակիցները փորձում էին համոզել ցուցարարներին, որ բացեն փակ ճանապարհը:

Սարգսյան․ «Իջևանում ժողովուրդն աշխատանք չունի. պետք էր առաջին հերթին աշխատանք առաջարկել»

Հարցին, թե զիջումների գնալո՞ւ են իրենք, քանի որ բողոքի ակցիա անողներն ասում են, որ չեն պատրաստվում դիրքերը զիջել` Օսիպյանը պատասխանեց, թե ինչ զիջման մասին կարող է խոսք լինել.«Մենք թույլ չենք տալու ապօրինություններ և խստագույնս պատժվելու է նա, ով խախտելու է օրենքը։ Սա անքննելի է, այլ տարբերակ չկա»։

Օսիպյանի խոսքով` այս պահին Իջևանում իրավիճակը հանգիստ է:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` խնդիրն այն է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի է խստացվել վերահսկողությունը, և Դիլիջանում հսկիչ անցակետ է տեղադրվել, որից հետո, ըստ էության, անօրինական ձևով փայտանյութ կամ չի տեղափոխվում կամ դժվարանում է այն տեղափոխելը։

Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով 13 անձ տեղափոխվել են հիվանդանոց