«Ալաշկերտը» հաղթեց «Մակեդոնիային». գրոհն ու հակագրոհն իրենց պտուղները տվեցին

Խաղի ավարտից շատ առաջ արդեն պարզ էր, որ «Մակեդոնիան» ոչ մի շանս չունի այս դիմակայությունում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» 3:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակոդոնիայի «Մակեդոնիա» թիմին։

«Ալաշկերտը»՝ գավաթակիր. մադամ Ֆորտունան ժպտաց Խաշմանյանին և շեղ նայեց Արթուր Պետրոսյանին

«Ալաշկերտին» երկրորդ անընդմեջ հաղթանակն ապահովեցին Ուրոշ Նենադովիչի, Տիագո Գալվաոյի և Տարոն Ոսկանյանի խփած գնդակները, և երկրորդ հաղթանակից հետո թիմն արդեն կխաղա Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում։

Առաջին խաղում 3:1 հաշվով հաղթանակից հետո, Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հանդես գալու համար «Ալաշկերտը» լավ նախադրյալներ էր ստեղծել: Եվ «Մակեդոնիայի» հարկի տակ պատասխան խաղի առաջին կեսում Ուրոշ Նենադովիչի խփած գնդակն էլ ավելի ամրապնդեց հայկական թիմի հնարավորությունները հաջորդ փուլում հայտնվելու համար:

Ընդհանուր հաշվով «Ալաշկերտն» արդեն հաղթում էր 4:1, ընդ որում մենք ունեինք խփած գնդակ մրցակցի հարկի տակ: Հասկանալի էր, որ «Մակեդոնիան» տանտիրոջ կարգավիճակով փորձում էր ամեն կերպ ակտիվացնել իր խաղն ու ճնշում գործադրել մեր թիմի դարպասի վրա: Բայց «Ալաշկերտի» պաշտպանությունը գործում էր վստահ ու համարյա անթերի: Ավելին` մերոնք ավելի լավ էին գործում գրոհելիս կամ հակագրոհելիս:

Ֆուտբոլը տոն է, ԵՎՐՈ-2019-ը՝ առավել ևս, բայց կիսադատարկ ստադիոնով ի՞նչ տոն

Եվ դա տվեց իր պտուղները: Տիագո Գալվաոն կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը հանդիպման 68-րդ րոպեին, իսկ վեց րոպե անց Տարոն Ոսկանյանը մեր թիմի առավելությունը դարձրեց խոշոր՝ 3:0:

Այսինքն խաղի ավարտից շատ առաջ արդեն պարզ էր, որ «Մակեդոնիան» ոչ մի շանս չունի այս դիմակայությունում: Հայաստանի եռակի չեմպիոնը, որն այս տարի մասնակցում է Եվրոպայի լիգայի խաղարկությանը, երկու խաղերում էլ ուժեղ էր իր մրցակցից:

Այսպիսով «Ալաշկերտը» հաղթահարեց որակավորման առաջին փուլի արգելքը, և երկրորդ փուլում ուժերն է չափելու ռումինական «Ստյաուն» և մոլդովական «Միլսամի» զույգի հաղթողի հետ: