Ծերանոցներում ու մանկատներում կասկածելի սնունդ է հայտնաբերվել. Զարուհի Բաթոյան

Խնամքի հատուկ հաստատություններ մատակարարվող սնունդն ուղարկվել է փորձաքննության։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պատմել է, թե ինչ են արձանագրել նախարարության աշխատակիցներն իրենց այցելությունների ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ծերանոցներում ու մանկատներում կարագի ու կաթնաշոռի փոխարեն այդ հաստատությունների բնակիչներին ինչ–որ կասկածելի մթերք հրամցնելու մասին իմացել ենք այդ հաստատություններ  նախարարության աշխատակիցների այցից հետո միայն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նախարար Զարուհի Բաթոյանը`մեկնաբանելով նախարարության պաշտոնական կայքում այսօր հրապարակված տեղեկությունը։

Նախարարի խոսքով՝ տվյալ հաստատությունների աշխատակիցները ամեն օր առնչվել են խնդրին, սակայն չեն ահազանգել։

Պետությունը կֆինանսավորի բռնության ենթարկված կանանց 2 ապաստարանի. նախարար

«Թե՛ նախարարության աշխատակիցները, թե՛ փոխնախարարները, թե՛ աշխատակազմի ղեկավարը խնամքի հաստատություններ շատ հաճախ են այցելում. երբեմն նաև ինքս եմ այցելում: Կա նաև հստակ հանձնարարական, որ հայտնաբերված որևէ խնդիր չի կարող անհետևանք մնալ, եթե խնդիր է հայտնաբերվել»,– ասաց Բաթոյանը։

Նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից ծերանոցներին ու մանկատներին մատակարարված կասկածելի  կաթնաշոռն ու կարագը:

Փորձաքննության արդյունքները հաստատել են նախարարության աշխատակիցնրի կասկածները. սննդամթերքը ոչ միայն չի համապատասխանել մատակարարման պայմանագրով նախատեսված պահանջներին, այլև իր որակական հատկանիշներով խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից։

Մանկատներին ու ծերանոցներին կարագի ու կաթնաշոռի անվան տակ այլ բան է մատակարարվել

«ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ին հանձնարարվել է մեկ օրվա ընթացքում շտկել սխալը։ Նման դեպքերը, նախարարի խոսքով, ցավոք, եզակի չեն։

«Մենք շատ հաճախ ականատես ենք լինում խնդիրների, որոնց մասին չի խոսվում, և հանրությունը քիչ է տեղեկանում։ Խնդիրները չպիտի կոծկվեն, և հատկապես` մեր համակարգում, դրանց մասին պետք է բարձրաձայնենք, բացահատենք, որպեսզի հանրությունն իմանա»,– ասաց Բաթոյանը։

«Ես գրեթե ամեն ինչ ունեմ». մանկատան սանը չի բողոքում, հաղթահարում է

Ի դեպ, այս ընկերությունը հանդիսանում է հատուկ հաստատությունների խոշոր մատակարարներից մեկը։ Պետական գնումների համակարգի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, 2017-18թթ–ի ընթացքում «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի հետ սննդամթերքի մատակարարման պայմանագրեր են կնքել ոչ միայն ծերանոցներն ու մանկատները, այլև Երևանի քաղաքապետարանը, քրեակատարողական հիմնարկները, պաշտպանության նախարարությունը, հոգեբուժարանները։

 Միայն 2 տարվա ընթացքում պետական կառույցներն այս ընկերության հետ 274 684 180 դրամի գնման պայմանագրեր են կնքել։

Որտե՞ղ է իրական սահմանագիծը․2019-ից Հայաստանում կավելանա նվազագույն կենսաթոշակը

Ընդ որում, մատակարարված սննունդն էլ չի սահմանափակվում միայն վերոհիշյալ կաթնաշոռով ու կարագով։ Դատելով պայմանագրերից «ԴԵԱԳԱ»–ն մատակարարում է ամեն ինչ` միրգ, բանջարեղեն, պանիր, կաթնամթերք, ձավարեղեն, մսեղեն, երշիկեղեն, նույնիսկ աղ ու ձմերուկ։