Սևանի ավազանում գործող մաքրման 3 կայանն ավելի շատ կեղտոտում են միջավայրը. քննարկում ԱԺ–ում

Ազգային ժողովում քննարկում են Սևանի հիմնախնդիրները։ ՀՀ ԳԱԱ Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը որոշ հետաքրքիր փաստեր ներկայացրեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր բնակավայրերի կոյուղաջրերը հոսում են Սևանա լիճ։ Այսօր Ազգային ժողովում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԳԱԱ Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։

Սևանից վերցված ջրի հետազոտության արդյունքում միայն 2 տարածքում են չնչին շեղումներ եղել

«Գավառ քաղաքը կոյուղացված է 47 տոկոսով, Մարտունին` 45, Վարդենիսը` միայն 20 տոկոսով»,– ասաց գիտնականը։

Նա նաև նշեց, որ Սևանի ավազանում գործող մաքրման 3 կայաններն իրականում ավելի շատ կեղտոտում են միջավայրը, քան մաքրում։ Նրա խոսքով` կատարվող մեխանիկական մաքրման արդյունքում ջրից առանձնացվող աղբը պետք է տեղափոխվի աղբավայր, իսկ մարզում կենտրոնացված աղբավայրեր չկան։

«Արդյունքում այն 340 տոննան, որ տանում, լցնում ենք ինչ–որ տեղ, էլի նորից գարնանը հետ է գալիս, գետերի ջրերով նորից հոսում, լցվում է Սևանը»,– ասաց Ջավադյանը։

Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը

Մեկ այլ խնդիր, որ առանձնացրեց գիտնականը, Սևանի ափերի մաքրման թերի կատարված աշխատանքներն են։ Նրա խոսքով` ափամերձ 700 հա տարածքներում ծառերը կտրել են, բայց կոճղերը թողել են, ինչի հետևանքով այսօր այդ 700 հա տարածքում ակտիվ փտման գործընթաց է սկսվել։

Տիգրան Ավինյանը ԱՄՆ ֆորումում խոսել է Սևանա լճին սպառնացող վտանգի մասին

Ջավադյանը հիշեցրեց նաև «Լավանդա սիթի» հանգստյան գոտում ջրածածկ 300 տների մասին, որոնք ևս նպաստում են լճի ջրի աղտոտմանը։

Նշենք, որ ԱԺ–ում Սևանի խնդիրների վերաբերյալ քննարկումը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը: Քննարկման բացմանը խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մասնակցության հրավերներ են ուղարկվել Շրջակա միջավայրի և առողջապահության նախարարներին, որոնք, սակայն, չեն եկել ԱԺ։  Զոհրաբյանին տեղեկացրին, որ Առողջապահության նախարարությունից քննարկմանը մասնակցում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

Պաշտոնյաները լողում են Սևանում, իսկ մասնագետը նրանց մեղադրում է անգործության համար