Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում կայացրած դատավորի աշխատասենյակը խուզարկել են

Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը, ըստ լուրերի, նաև կնիքել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործով 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում երեկ խուզարկություն է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանը։

«Խուզարկությունը կատարվել է մեզ մոտ քննվող քրգործի շրջանակում»,–ասաց նա` հավելելով, որ այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող։

Ավելի վաղ Politika.am–ը գրել էր, որ խուզարկությունից հետո դատավորի աշխատասենյակը կնքվել է։

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորին պատասխանատվության չեն ենթարկի

«ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։ Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ»,– գրված է կայքում։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում էր կայացրել։

Հունիսի 25-ին, սակայն, վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատարանը բեկանել էր նաև գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։