Ո՞վ է պատասխանատու Սևանի ներկա վիճակի համար. Ջավադյանն ազգային պարկին է մեղադրում

Սևանա լճի ներկա վիճակի համար ԳԱԱ Սևանի հանձնաժողովի նախագահը մեղադրում է ազգային պարկի ղեկավարությանը։ Պատգամավորն էլ առաջարկում է դիմել կառավարությանը` միջոցներ ձեռնարկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Եթե «Սևան» ազգային պարկը գործ աներ, Սևանն այսօր այս վիճակում չէր լինի։ Այսօր Ազգային ժողովում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԳԱԱ Սևանի հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը` պատասխանելով պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ով է պատասխանատու Սևանի ներկա վիճակի համար։

«Ազգային պարկն անգործության էր մատնված։ Եթե ազգային պարկը մեզ հետ միասին աշխատեր, մենք 10–ի փոխարեն կունենայինք 100 մաքրման կայան` տեղադրված ռեստորաններում»,– ասաց Ջավադյանը։

Գիտնականը նաև հայտնեց, որ Սևանի ափին գործող հանգստի ու սննդի 300 կետերից միայն 10-ում են ջրի մաքրման փորձնական սարքավորումներ տեղադրվել։

Սևանի ավազանում գործող մաքրման 3 կայանն ավելի շատ կեղտոտում են միջավայրը. քննարկում ԱԺ–ում

«Այդ 10–ի շուրջ, որտեղ բիոլոգիական մաքրում է կատարվում որևէ ծաղկում չի նկատվել։ Բերել ենք նմուշներ ծաղկած ու ոչ ծաղկած ջրից, դրել ենք փորձարկման ԳԱԱ Քիմիայի ինստիտուտի լավագույն մասնագետներից մեկի` Հակոբ Սարգսյանի հետ։ Այսօր այդ փորձերը կատարվում են, և մենք շաբաթվա վերջում կունենանք արդյունքը, թե ցելուլոիդն ինչ արդյունք կտա։ Կարծում ենք` դա լավագույն նվերը կլինի մեզ, ու դրանից հետո կկարողանանք դրանով սկսել մաքրումը կատարել»,– ասաց Ջավադյանը։

Արձագանքելով ազգային պարկի մասին հանձնաժողովի նախագահի հայտարարությանը` Մելքումյանն առաջարկեց ճշտել ազգային պարկի պատասխանատվության չափը (իրավական ասպեկտով) ու դիմել կառավարությանը ղեկավարության նկատմամբ միջոցներ ձեռնարկելու համար։

Տիգրան Ավինյանը ԱՄՆ ֆորումում խոսել է Սևանա լճին սպառնացող վտանգի մասին

Նշենք, որ ԱԺ–ում Սևանի խնդիրների վերաբերյալ քննարկումը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը:

Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ.–ի ամռանը։ Սակայն ի տարբերություն այս տարվա, անցյալ տարի այդ գործընթացը սկսվել էր հուլիսի երկրորդ կեսին։

Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը