ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն` պետգնումների համակարգի ու դրա բարեփոխումների վերաբերյալ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Փաշինյանը և հրապարակել խորհրդակցության տեսանյութը:
«Մենք ուզում ենք, որ պետգնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որ լինի հնարավորինս ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը` երաշխավորի պետական միջոցների ծախսման որակն ու ստացվող արդյունքը»,– քննարկման բացման խոսքում ասում է Փաշինյանը։
Նա նաև կարևորում է այն հանգամանքը, որ պետական գնումների համակարգն աջակցի տեղական բիզնեսի զարգացմանը։
Վարչապետը նշում է, որ կա տեսակետ, որ գործող համակարգն ըստ էության համապատասխանում է այդ չափանիշներին, բայց պետք է բարձրացնել դրա վերաբերյալ իմացության մակարդակը պետական առանձին մարմիններում։
Մեկ այլ տեսակետի համաձայն, ըստ վարչապետի, խնդիրը ոչ թե բուն գնումների համակարգում է, այլ կից ընթացակարգերի։
Վարչապետը հույս է հայտնում, որ անհրաժեշտ լուծումները կգտնվեն քննարկման ընթացքում ծավալվող բանավեճի ընթացքում։
Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ
Թե կառավարության անդամներն ինչ եզրահանգման են եկել քննարկման ընթացքում, կառավարությունն այս պահին չի հայտնում։
Իսկ վարչապետը Facebook-ի պաշտոնական էջում գրել է. «Այսօրվա խորհրդակցությունը չափազանց կարևոր արդյունքներ ունեցավ, կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ»:
Միաժամանակ Փաշինյանը խոստացել է, որ մանրամասները կներկայացվեն առաջիկայում:
Նիկոլ Փաշինյանի ու նախարարի երկխոսությունը կամ պետական ո՞ր ծրագիրը կոռուպցիոն ռիսկ չունի