«Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում». Լավրով

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային և ռազմատեխնիկական կապերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik.Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է «Արգումենտի ի Ֆակտի» թերթին տված հարցազրույցում` մեկնաբանելով Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ընթացող գործընթացները։

«Մենք, բնականաբար, անտարբեր չենք Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է, որոնց հետ մեզ կապում է փոխհարաբերությունների տևական պատմությունը, այդ թվում` մեկ պետության մեջ բնակվելը», – նշել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովի կարծիքով` ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Արևմուտքը հավատաց, որ «պատմության վերջն է» եկել, և այժմ իրեն իրավունք է վերապահել կոպտորեն միջամտել այս կամ այն պետությունների գործերին, ղեկավարել ներքաղաքական գործընթացները։ Լավրովը որպես նման միջամտության օրինակ է նշել Ուկրաինան։

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցում է Ռուսաստանի հետ. Ավինյան

Նախարարի խոսքով` Հայաստանի հարցում իրավիճակն այլ է. Մոսկվան Երևանի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ ունի։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է։

Բացի այդ, ինչպես ասել է նախարարը, երկու երկրների միջև դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային և ռազմատեխնիկական կապերը։