Ալավերդիի քարաթափումից հրաշքով ողջ մնացած տղամարդու կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Քարաթափման հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կինն ու անչափահաս աղջիկը մահացել էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին հուլիսի 14–ին տեղի ունեցած քարաթափման հետևանքով տուժած վարորդի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը։

Քարաթափում Վայոց ձորում. առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ. տեսանյութ

Ինչպես արդեն հայտնել էինք, քարաթափման հետևանքով երկու մարդ էր մահացել` վարորդի կինն ու նրանց 12–ամյա դուստրը։

«Տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է շարունակում բուժում ստանալ։ Նա գիտակցության է եկել, կոնտակտի մեջ է։ Վիրահատական ցուցում այս պահին չկա։ Չնայած վերակենդանացման բաժանմունքում է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում»,–ասաց Մանուկյանը և հավելեց, որ տղամարդու վիճակը կայուն ծանր է։

Հիշեցնենք, որ տղամարդը նախ Ալավերդու ԲԿ էր տեղափոխվել, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։ Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել էին Երևան։

Սիրիայի Իդլիբում հայ կնոջ են սպանել. նրա մասնատված դին գտել են ամայի դաշտում

Քարաթափումը տեղի էր ունեցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին։ Քարաթափման արդյունքում վնասվել էին ավտոմեքենաներ։