Ահազանգեր`ՄԻՊ գրասենյակ. մարդիկ մնացել են ճանապարհին, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց

Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմն այս պահին շարունակում է ձեռնարկել իրավիճակի հետ կապված անհրաժեշտ քայլեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Իջևանում այսօր ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։

Բախում Իջևանի ցուցարարների և ոստիկանների միջև. կան վիրավորներ. տեսանյութ

Ինչպես տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից, ահազանգերից 4-ն այն մասին են, որ մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ իրենց մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Այդ ահազանգերից 2-ով նշվել է, որ երեխաներն անհանգիստ վիճակում են։ 1 ահազանգով ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ բախման հետևանքով ոստիկանության ծառայողներ ու ճանապարհը փակած քաղաքացիներ են բուժօգնության համար տեղափոխվել հիվանդանոց։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է ոստիկանության հետ։

Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմն այս պահին շարունակում է իր իրավասության շրջանակում ձեռնարկել իրավիճակի հետ կապված անհրաժեշտ քայլեր։

Հիշեցնենք, որ այսօր Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Երեկոյան ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ էին գրանցվել, կան վիրավորներ։