Նոր ատոմակայան կառուցելու մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը ողջունելի է։ Ավինյանը փաստել է այն, ինչը շուրջ մեկ տասնամյակ քննարկվում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:
Մասնագետի խոսքով՝ Հայաստանն ընդունել է ռազմավարական փաստաթուղթ, համաձայն որի ատոմային էներգետիկան ենթակա է անընդհատ զարգացման, և հին ատոմային բլոկը կարող է փոխարինվել միայն նոր բլոկով։
«Այդ ուղղությամբ Ռուսաստանի հետ բանակցություններն առնվազն մեկ տասնամյակի պատմություն ունեն, այնպես որ նոր ատոմակայան կառուցելու մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը սենսացիա չէ»,-նշեց Արա Մարջանյանը։
Մարջանյանի կարծիքով՝ Ավինյանն ուղղակի եղած փաստն է արձանագրել։ Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետը նաև հիշեցնում է, որ մոտ 10 տարի առաջ Հայաստանը նախատեսում էր ներդրողների գագաթնաժողով կազմակերպել, սակայն ճապոնական Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարը կասեցրեց գործընթացը։
«Անցած 25 տարիներին Թուրքիայի և Արևմուտքի ընդհանրական երազանքն էր հայկական ԱԷԿ-ի փակումը, ու եվրաինտեգրման փուլում Հայաստանը ծանր ճնշումների ներքո պարտավորություն էր ստանձնել ԱԷԿ-ը փակել 2016 թվականին, սակայն միայն շատ լուրջ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ թուլացնել այդ ճնշումն ու գտնել որոշակի լուծումներ, որոնք թույլ կտային երկարաձգել ԱԷԿ-ի լիցենզավորված աշխատանքի տևողությունը 2016 թվականից հետո։ Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին հենց դրանում էր»,-ասաց փորձագետը։
Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցում է Ռուսաստանի հետ. Ավինյան
Ըստ Մարջանյանի՝ ռուսական կողմի աջակցությունը երաշխավորեց Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի քիչ թե շատ անցնցում աշխատանքն ու հեռանկարներ բացեց կայուն աշխատանք ունենալ մինչև 2026 թվականը։