«Ծնողիս «մամայով» էր դիմում». շիրակցի ֆերմերը հերքում է աղջկան թրաֆիքինգի ենթարկելու փաստը

Համայնքի ղեկավարի ու ֆերմերի հավաստմամբ` աղջիկը ազատ շրջել է գյուղում և միշտ հեռանալու կամ փախչելու հնարվորություն է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարն ու ֆերմերը կտրականապես հերքում են երիտասարդ աղջկան գոմում պահելու և նրան աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու մասին ոստիկանության տարածած հաղորդագրությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության հաղորդագրության համաձայն` Շիրակի մարզի  համայնքներից մեկում երիտասարդ աղջկան պահել են գոմում, աշխատացրել և չեն վճարել` սպառնալով սպանել, եթե նա ինչ-որ բան պահանջի։ Աղջկա պատմածի համաձայն` Վրաստանից Հայաստան նրան տարիներ առաջ բերել է իր ծանոթը և թողել սարերում։ Նա սկզբում ապրել է բաց երկնքի տակ, ապա հայտնվել ֆերմերի մոտ։ Աղջիկը չի հիշում իր տարիքը և երազում է մորը գտնելու մասին։

Ստիպել են Երևանի փողոցներում անձեռոցիկ վաճառել ու խլել են ողջ գումարը. թրաֆիքինգի նոր դեպք

Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ աղջիկը՝  Աստղիկ Հարությունյանը, իրենց գյուղում ապրել է ազատության մեջ:  «Բոլորս նրան ճանաչում ենք: Աշխատում էր որպես հովիվ: Երբեք փակի տակ չի մնացել: Միշտ իրեն տեսել ենք, ազատ  խանութ է գնացել, առևտուր արել։ Նա ցանկացած պահի հնարավորություն է ունեցել թողնելու և հեռանալու, եթե  իր ասածի նման խնդիր է եղել: Անասուններին վանքի հետնամասում է արածացրել ու միշտ  մարդկանց հետ շփվելու հնարավորություն է ունեցել: Բայց թե ինչու է գնացել ու նման բան հայտնել ոստիկաններին, չգիտենք»:

Այն, որ մոտ 30-ամյա աղջիկն ազատ  է եղել  ու իր աշխատանքի դիմաց աշխատավարձ  է ստացել, մեզ հետ զրույցի ժամանակ հավաստիացնում է նաև ֆերմեր Ռուբեն Թորոսյանը, ում մետ և աշխատել է աղջիկը: «8-10 տարի է արդեն իմ մոտ չոբանություն է անում, սեփական ցանկությամբ է եկել  իմ մոտ աշխատելու: 8 կով, 80 գլուխ  ոչխար էր արածացնում:  Ազատ գյուղում ման է եկել,  խանութ է գնացել, առևտուր արել, հարևանի հարսին հիվանդատես է գնացել: Խանութում կամեռաներ կան, թող ստուգեն, ես թաքցնելու բան չունեմ:  Հեռախոս էլ ունի, քարտ  էլ, այնպես որ` դժվար չէ այս ամենը ստուգել:  Իր  աշխատանքի դիմաց 40-50 հազար դրամ է ստացել:  Ծանոթներից մեկին նույնիսկ պարտքով փող է տվել, եթե ես աշխատավարձ  տված չլինեի, իրան  փող որտեղից»,-նշում  է ֆերմերը: 

Թրաֆիքինգի մեջ կասկածվող ՌԴ քաղաքացին Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել

Նրա խոսքով`աղջիկը եփել-թափել չգիտեր, և իր մայրն էր իր համար ճաշ պատրաստում: «Իմ մորն այնքան էր սիրում, որ «մամայով» էր դիմում»,–վստահեցնում է ֆերմերը: Ինչ մնում է անձնագիր չունենալուն, Ռուբեն Թորոսյանը նշեց, որ Աստղիկն ասել է, որ իր անձնագիրն ազգակականի  մոտն է:

«Ես ֆերմեր եմ, գրանցելու խնդիր չկար, որ անձնագիր ուզեի»,–ասաց ֆերմերը:

Աստղիկի անձնական կյանքից ֆերմերը շատ բան չգիտի: «Ես  չգիտեմ որտեղից էր, ասում են` Ախրքալակի աղջիկ է եղել, բարեկամներ ուներ, բայց չեմ տեսել»:

Ընտանեկան բռնության ու թրաֆիքինգի ենթարկվածները օգնություն կստանան. վարչապետ

Մեր այն հարցին, թե  ինչու է այդ դեպքում աղջիկը նման հայտարարություն տարածել, ֆերմերը նշեց. «Ես չգիտեմ, ում էր պետք այդպիսի բաներ տարածել, բայց ենթադրում եմ, որ ինքը գնացել է այլ մարզ աշխատելու,  իր այդ քայլը արդարացնելու համար  է նման բան ասել»:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են: