Ռոբերտ Քոչարյանի հարցը Մնացականյանի ու Լավրովի հանդիպմանը չի քննարկվել. ԱԳՆ

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ խոսել են Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik.Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի թեման Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ չի քննարկվել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` հերքելով ԶԼՄ–ների տարածած տեղեկությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն դիրքորոշումը, ըստ որի, եթե նրա` հոկտեմբերին նախատեսված այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա գազի գնի շուրջ բանակցություններն անիմաստ և անարդյունք են լինելու:

Նաղդալյանի խոսքով` նախարարների միջև նման զրույց չի եղել։ Գերատեսչության ներկայացուցիչն այդ հրապարակումն անվանեց «կասկածելի աղբյուրների վրա հիմնված ենթադրություն»։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմեց ՄԻՊ Արման Թաթոյանին. ո՞րն է խնդիրը