Մտավոր հետամնացության դրսևորումներով նորակոչիկները բանակ չեն զորակոչվի

Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է զինծառայող Յուրի Բրոյանի դեպքին, ով հոգեկան առողջական խնդիրներով զորակոչվել էր բանակ ու այնտեղ նոր խնդիրներ ձեռք բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ ծառայությունից վերադառնան առողջացած: Իր Facebook-ի էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով 19-ամյա զինծառայող Յուրի Բրոյանի դեպքին, որի մասին մամուլը տևական ժամանակ ահազանգում էր։

Զինծառայողը փախել է հիվանդանոցից. նա չի պատրաստվում զորամաս վերադառնալ

«ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար»,– հայտնում է Հովհաննիսյանը։

Մինչև նշված փոփոխությունների ընդունումը, Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանմամբ, ՀՀ ՊՆ-ը իրավասու չէ կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով կամ համապատասխան հարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով:

Հիշեցնենք՝ մամուլի հրապարակումների համաձայն, Բրոյանն ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան առողջության խնդիր, և 2018թ.–ին ծառայության ընթացքում ծեծի է ենթարկվել հրամանատարի կողմից ՝ տեղափոխվելով հոգեկան առողջության կենտրոն:

Դեպքին ս.թ. հունվարին անդրադարձել էր նաև նախարար Դավիթ Տոնոյանը` չհերքելով, որ նման զինծառայողների հետ կապված դժվարություններ ունեն։

Նրանք ոչ ծառայում են, ոչ էլ ինչ-որ առաջընթաց է ապահովվում ծառայության առումով: «Կողմնակից չեմ մեծ սահմանափակումներով երիտասարդներին զորակոչելուն»,- ասել էր նախարարը` միաժամանակ հիշեցնելով, որ գործող օրենսդրությամբ Բրոյանը ճանաչվել է ծառայության համար պիտանի։