ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Երևանում երեկ մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում այսօր իրենց առաջին հանդիպումը անցկացրեցին Բ խմբում ընդգրկված Նորվեգիայի և Իռլանդիայի հավաքականները: Խաղն ավարտվեց ոչ ոքի` 1։1 հաշվով։
Էլիտ ռաունդում անակնկալ մատուցած այս երկու թիմերի ելույթին հետաքրքրությամբ էին սպասում: Բայց հանդիպման առաջին կեսում կողմերը, կարելի է ասել, չփայլեցին:
Խաղն ընթանում էր հիմնականում միջին տեմպով առանց վտանգավոր պահերի: Միայն սկզբում նորվեգացիները ակտիվություն դրսևորեցին, ինչի շնորհիվ էլ 8-րդ րոպեին Էրիկ Բոթհեյմը բացեց խաղի հաշիվը: Մնացած ժամանակահատվածում, կողմերը չնայած պայքարում էին գնդակին տիրելու համար, բայց դա տեղի էր ունենում խաղադաշտի կենտրոնում, դարպասներից հեռու:
Չնայած երկրորդ խաղակեսում իռլանդացիներն ակտիվացան, բայց էականորեն ոչ մի բան չփոխվեց: Նորվեգիայի մինչև 19 տարեկանների հավաքականն առանց մեծ ճիգեր գործադրելու պահպանում էր նվազագույն առավելությունը:
Այնուամենայնիվ հաշվի մեջ փոփոխություն գրանցվեց: Խաղի ավարտից իննը րոպե առաջ Ջորջ Հուդջը հեռահար հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը:
Հանդիպման վերջին րոպեներին նորվեգները պաշարել էին մրցակցի տուգանային հրապարակը: Միքայել Ուգլանդի հարվածից հետո էլ գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Այսպիսով` Բ խմբի առաջին խաղում գրանցվեց ոչ ոքի: Քիչ անց այս խմբում կմրցեն Ֆրանսիայի և Չեխիայի հավաքականները:
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 14–ին Երևանում սկսվկեց ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը։ Այն մեկնարկեց Հայաստան—Իսպանիա խաղով, որտեղ մեր հավաքականը 1։4 հաշվով պարտություն կրեց։