Պաշտոնյաները լողում են Սևանում, իսկ մասնագետը նրանց մեղադրում է անգործության համար

Մասնագետը պատկան կառույցներին մեղադրում է հանցավոր անգործության մեջ, «թունավո՞ր է Սևանը, թե՞ ոչ» հարցն այդպես էլ պատասխան չի ստանում, իսկ Սևանի ափամերձ տարածքների սեփականատերերը ճարահատված ջուր են խմում Սևանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Սևանի ափին գտնվող օբյեկտների տերերն այսօր բողոքի ակցիայի շրջանակում խմեցին Սևանի ջուրը`որպես ապացույց, որ այն վտանգավոր չէ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Պաշտոնյաները լողում են Սևանում, իսկ մասնագետը նրանց մեղադրում է անգործության համար

Օբյեկտների տերերն առաջարկեցին Սևանի ջրից համտեսել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ու «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանին, որն, ի դեպ, անցյալ տարի Սևանից ջուր խմելու ակցիայի կազմակերպիչն էր։ Պաշտոնյաները, սակայն, այս տարի մերժեցին և առաջարկն «անլուրջ» որակեցին, բայց չհրաժարվեցին լճում լողալուց։

Պաշտոնյաները լողում են Սևանում, իսկ մասնագետը նրանց մեղադրում է անգործության համար

Մինչ Սևանում գործարարները բողոքում են ջրի շուրջ բարձրացած աղմուկի հասցրած վնասներից, գիտնականները ՀՀ իշխանությանը մեղադրում են հանցավոր անգործության համար։

Նման մեղադրանք այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրեց «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը`Սևանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տեղեկատվության պակասի հետևանք համարելով։

Որտե՞ղ է թաքնվել Սևանի վտանգը. ինչ տեսք ունի լիճը թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ

«Որպեսզի մենք ո՛չ մեր քաղաքացիներին վախեցնենք, ո՛չ մեր քաղաքացիների բիզնեսին վնասենք, գոյություն ունի տարրական մոտեցում. լիազոր մարմինը պետք է կատարի անհետաձգելի լաբորատոր հետազոտություն ու տա պաշտոնական մանրամասն տեղեկատվություն։ Բոլորը խոսում են` մասնագետ, ոչ մասնագետ, բայց լիազոր մարմնի լիարժեք արձագանք մենք այդպես էլ չունենք»,– ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` բնության հնչեցրած արձագանքին` ջրի ծաղկմանն առաջինը պարտավոր էին արձագանքել հիվանդությունների ազգային կենտրոնն ու ռիսկերի գնահատման կենտրոնը։ Մինչդեռ այդ մարմիններն առ այսօր լռություն են պահպանում։

Կատարված լաբորատոր որոշ փորձաքննություններից հայտնի է դարձել միայն, որ Սևանում հայտնաբերված ջրիմուռները ցիանոբակտերիաներ են` անաբենա տեսակի, որոնք թունավոր են։

«Այդ ցիանոբակտերիաները պարունակում են տոքսիններ։ Տոքսիններից որոշները խիստ վտանգավոր են մարդու և կենդանիների առողջության համար։ Կենսաբանական տոքսիններն էլ իրենց հերթին բաժանվում են 2 խմբի` հեպատոտոքսիններ և նեյրոտոքսիններ։ Հեպատոտոքսինները հայտնի են որպես արագ մահվան գործոն, իսկ նեյրոտոքսինները հայտնի են որպես շատ արագ մահվան գործոն»,– առկա տեղեկությունն ու դրա հնարավոր հետևանքը գիտականորեն բացատրեց Գրիգորյանը։

Նրա խոսքով` այս հնարավոր ռիսկերը գիտական փորձաքննությամբ հերքելու կամ հաստատելու փոխարեն իշխանությունն այսօր նույնիսկ հստակ չի հայտարարում` վտանգավոր է Սևանի ջուրը, թե անվտանգ։ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ վտանգավոր է միայն կանաչ հատվածներում լողալը, իսկ մաքուր ջուրը` անվտանգ։ Գրիգորյանն այս հայտարարությունն անհիմն է համարում` նշելով, որ տոքսինները կարող են անտեսանելի լինել, բայց դա չի նշանակում, թե դրանք անվտանգ են։

Սևան–Երևան ճանապարհը բացվեց. բողոքի ակցիայի մասնակիցները պայման ներկայացրին կառավարությանը

Ավելին, Գրիգորյանի խոսքով, Սևանում հնարավոր թունավոր նյութերը վտանգավոր են ոչ միայն լճում լողացողների համար, այլև նույնիսկ Սևանից բռնած ձուկ ուտողների, Սևանի ջրով ջրված բերքն ուտողների համար։

«Եթե ջրիմուռը ծաղկում է, այդ տոքսինները կարող են նաև թունավորել ջուրը, կարող են թունավորել հողը, որը ջրվում է այդ ջրով, կարող են կուտակվել նաև ձկների ու խեցգետինների օրգանիզմներում, ինչպես նաև այն բույսերում, որոնք ջրվում են այդ ջրով։ Այս բոլոր հարցերի պատասխանները մենք պետք է իմանանք»,– ասաց Գրիգորյանը`հիշեցնելով, որ արդեն շուրջ 1 ամիս է, ինչ Սևանի շուրջ աղմուկը շարունակվում է, բայց բազմաթիվ վտանգների մասին դեռ խոսվում է ենթադրությունների մակարդակով։

Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ–ի ամռանը։ Այդ ժամանակ, ցույց տալու համար, որ Սևանի ջուրն անվտանգ ու մաքուր է, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հրապարակավ խմել էր լճի ջրից։ Նրա օրինակին հետևել էին նաև ֆլեշմոբի այլ մասնակիցները։

Իսկ հուլիսի 29-ին առողջապահության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն էլ վստահեցնելու համար, որ Սևանում լողալն անվտանգ է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում մտել էին Սևանա լիճ` լողալու։