Նոր լոուքոսթերներ և «օդի հարկի» վերացում. ՀՀ ավիացիայի ոլորտում բարեփոխումներ կլինեն

Տաթևիկ Ռևազյանը մտադիր է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել` հայկական շուկայում նոր ավիաընկերություններ ներգրավելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik.Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մտադիր է օրենսդրական փոփոխություններ ներկայացնել` ավիաընկերությունների նոր ուղղությունների համար «օդի հարկը» հանելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Հայաստանում ուսում ստացած օդաչուները կարող են թռչել ամբողջ Եվրոպայով. Տաթևիկ Ռևազյան

Հիմա «Զվարթնոց» օդանավակայանում «օդի հարկը» տասը հազար դրամ է։ Գյումրու օդանավակայանում այդ հարկը հանել են։

Նրա խոսքով` փոփոխությունների նախագիծն արդեն պատրաստ է և շատ շուտով կներկայացվի։ Ռևազյանը նշեց, որ «օդի հարկը» դիտարկվում է որպես ժամանակավոր միջոց։ Ընդ որում, այդ հարկի վճարումից կազատվի ոչ թե ամբողջ ավիաընկերությունը, այլ անմիջականորեն նոր ուղղությունը, որը զարգացնում է ընկերությունը։ Դա արվելու է ավիափոխադրումների շուկայի մոնոպոլիզացիայից խուսափելու համար։

«Եթե հաջողվի փոփոխություն կատարել, և օդանավակայանը համաձայնի զեղչ տրամադրել, ապա արդեն 2020թ–ի ամռանը կգործեն երկու բյուջետային ավիաընկերություններ` Ryanair–ը և Wizz Air–ը», – ասաց նա` հավելելով, որ «Զվարթնոցը» պատրաստ է զեղչեր տրամադրել։

Հայաստանի ուղղությամբ ուղևորահոսքը 2019 թվականին նորից կաճի ավելի քան 10%–ով. Ավետիսյան

Նա նաև նշեց, որ բանակցություններ են նախատեսված ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության հետ, որը գտնվում է Դոնի Ռոստովում։ Քննարկվելու է ավիաընկերության գործունեությունը հայկական շուկայում։ Ռևազյանը նշեց, որ վերջին շրջանում ռուսական ուղղությունների նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում ինչպես գործող ընկերությունները, այնպես էլ նորերը։ Նա բերեց «Արմենիա» ավիաընկերության օրինակը, որը սկսել է 14 չվերթ իրականացնել Երևան–Մոսկվա և Մոսկվա–Երևան ուղղություններով։

«Արմենիան» փոքր, բայց հաստատուն քայլեր է անում. ընկերությունը կապ է հաստատել 5 երկրի հետ

«Կես տարում արձանագրվել է ուղևորների 9,4 տոկոս աճ, հուլիսի 8–ից նկատելի է ուղևորահոսքի ավելացում, բայց ստույգ թվեր առայժմ չկան», – եզրափակեց նա։

Նշենք, որ Հայաստանից ռուսական ուղղությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ, երբ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 8–ից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունն արգելելու մասին հրամանագիր ստորագրեց։

«Արմենիա» ավիաընկերությունը նաև Բաթում-Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթ կիրականացնի