ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Մոդել Լիանա Ոսկերչյանն արժանացավ «Միսս Աշխարհ Արմենիա» հեղինակավոր տիտղոսին, իսկ առաջին փոխմիսս դարձավ Մոնիկա Գրիգորյանը։
Երևանում այսօր կայացավ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթը, որին մասնակցում էին 24 գեղեցկուհի։
Լիանա Ոսկերչյանը դեկտեմբերի 18-ին կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում։ Ի դեպ, մեր երկիրը երրորդ անգամ է մասնակցում «Միսս Աշխարհին»:
««Միսս Աշխարհի» կարգախոսն է «Գեղեցկություն` նպատակով»: Գեղեցկուհին, օգտագործելով իր տիտղոսը, համախմբում է մարդկանց ինչ-որ կարևոր նպատակի շուրջ», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը` հավելելով, որ փորձում են մասնակիցների մեջ գտնել ու բացահայտել ներքին գեղեցկությունը:
Ժյուրիի կազմում էին նաև երգիչներ Արամո և Էմմա Պետրոսյանները, դերասան Միքայել Պողոսյանը։
Գեղեցկուհիները հանդես եկան երեք փուլով։ Առաջինում նրանք ներկայացան հայկական տարազներով։ Երկրորդ փուլում մասնակիցները պարեցին,իսկ երրորդ փուլում ներկայացան երեկոյան զգեստներով։
Ժյուրին սկզբում ընտրեց 10 լավագույններին, այնուհետև` նրանցից հինգին։
Մրցույթում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Անետա Գաբրիելյանը, Լիանա Իսրայելյանին ժյուրին համարեց 4–րդ գեղեցկուհի, իսկ Միլենա Տարյանը հայտնվեց 5–րդ հորիզոնականում։
«Հինգ հարց հինգ, պատասխան փուլում» գեղեցկուհիները ցույց տվեցին, որ ոչ միայն արտաքնապես, այլև իրենց ներաշխարհով և մտքերով են գեղեցիկ։
Լիանայի հաղթանակից հետո ժյուրին հայտարարեց, որ որոշումը եղել է միաձայն:
Ժյուրիի անդամներից մի քանիսը Sputnik Արմենիայի թղթակցին ներկայացրին իրենց տպավորությունները։
««Միսս Աշխարհ Արմենիայի» 4 փուլերի ընթացքում մենք հասկացանք, որ Լիանան հոգեպես խորը անձնավորություն է: Նա հավուր պատշաճի կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում»,-ասաց երգիչ Արամոն:
Էմմա Պետրոսյանին հենց առաջին օրից է Լիանան գրավել: «Ինձ համար շատ կարևոր է, թե յուրաքանչյուր կնոջ ներսում ինչ հերոս է ապրում»,- ասաց երգչուհին:
Հայերն ամենասեքսուալ ազգերի թոփ–տասնյակում են. լուսանկարներ
Լիանան Ոսկերչյանը 20 տարեկան է, Երևանից: Նա 5-6 օտար լեզվի է տիրապետում, հիանալի նվագում է կիթառ: Ժյուրիի անդամների սրտերը աղջիկը գրավել է ոչ միայն արտաքինով, այլ նաև ինտելեկտով: