Զինծառայողը փախել է հիվանդանոցից. նա չի պատրաստվում զորամաս վերադառնալ

Շարքային Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո զինծառայողը փախել է հիվանդանոցից, նա չի պատրաստվում ներկայանալ զորամաս։

Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ»:

Ինչպես տեղեկացնում է Հովհաննիսյանը, Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:

Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ: