ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նա կոմայի մեջ է և բուժում է ստանում Բելգիայում։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը։
Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը: Սակայն մեզ հետ զրույցում, Անի Ներիսիսյանը հերքեց լուրը` ասելով, որ նրա վիճակը ծանր է։
«Քիչ առաջ եմ խոսել նրա որդու հետ, ասաց, որ հայրը կոմայի մեջ է»,–նշեց Ներսիսյանը։
Ղևոնդյանը 1969–ին սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում։
1973 թվականից աշխատում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Նա մի շարք ներկայացումներում հանդես է եկել դերերով, մասնավորապես` Արտակ «Հարսնացուն հյուսիսից», Լևոն Լամբարյան «Հացավան», Բաստարդ «Ջոն արքա», Անդրանիկ «Ռանչպարների կանչը»,Քրմապետ «Խոր վիրապ», Կակուլի «Պեպո», Վասիլկով «Կատաղի փողեր», Վասյա Պեպել «Հատակում», Քաղաքագլուխ «Ռևիզոր», Գիքո «Պեպո», Դերասան «Մեծապատիվ մուրացկաններ» և այլն։
2017թ.–ին ՀՀ վաստակավոր արտիստի կոչման է արժանացել։