Կրակոցներ` Սյունիքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու եղբայր

Կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներն ի վիճակի չեն եղել կատարվածի մասին տեղեկություններ տալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Սյունիքի մարզում երեկ` հուլիսի 13–ին, կրակոցներ են հնչել. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու եղբայր։ Այս մասին գրում է Shamshyan.com–ը։

Ծովինար գյուղի մոտ մեքենան ամբողջությամբ այրվել է. 3 երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

«Հուլիսի 13-ին ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Աշոտ Ավանյանը և 24-ամյա Թևոս Ավանյանը»,–գրում է կայքը։

29–ամյա Աշոտ Ավանյանը հիվանդանոց է ընդունվել «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ, իսկ 24-ամյա Թևոս Ավանյանը` «աջ ազդրի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ըստ կայքի աղբյուրների՝ վիրավոր Ա. և Թ. Ավանյանները եղբայրներ են։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու։