ՀՀ վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահին և վարչապետին

Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին` ապրիլի 24-ը ֆրանսիական հանրապետական օրացույցում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ներառելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին և վարչապետ Էդուարդ Ֆիլիպին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող առանձնաշնորհյալ հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։

Համագործակցության նոր հեռանկարներ բարեկամ Ֆրանսիայի հետ. նախագահը Փարիզում է

Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև դարավոր պատմություն ունեցող բարեկամությունը և մեր պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հանդիսանում հայ-ֆրանսիական փոխգործակցության շարունակական զարգացման և խորացման համար:

Մեզ համար շատ կարևոր էր ապրիլի 24-ի ներառումը ֆրանսիական հանրապետական օրացույցում՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, ինչի կապակցությամբ ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Ձեզ»,–ասված է Ֆրանսիայի նախագահին ուղղված ուղերձում:

Փաշինյնն ընդգծել է, որ մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի և ԱՄՆ հետ միասին գործադրվող շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Ազնավուրի որդին դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահին. լուսանկար

«Բարձր եմ գնահատում հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Ֆրանսիան մշտապես աջակցել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների առաջմղմանը, և լիահույս ենք, որ այն ապագայում ևս կշարունակվի: Այսօր, երբ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների գործընթաց, հատկապես արդիական է դառնում Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի իրականացման հարցում Ֆրանսիայի աջակցությունը»,–ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում:

Ֆրանսիայի վարչապետին ուղղված շնորհավորանքի մեջ ՀՀ վարչապետը նշել է, որ Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի՝ նոր որակի փոխգործակցության համար: «Վստահ եմ, որ մեր երկրներն առավելագույնս կօգտվեն ՀԸԳՀ-ի ընձեռած հնարավորություններից»,–ասել է նա:

Ֆրանսիացի երեխաները փոխել են Pour toi Arménie երգը` ի պատիվ Ազնավուրի և Հայաստանի

Կրկին շնորհավորելով  Ազգային տոնի առթիվ՝ Փաշինյանը Մակրոնին մաղթել է մեծ հաջողություններ՝ ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման և ֆրանսիացի բարեկամ ժողովրդի հետագա առաջընթացի և բարօրության»: