Չօգտագործվող հողերի մշակման խնդիրը կլուծվի՞. խորհրդակցություն կառավարությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հողային բարեփոխման նպատակով մարզերից մեկում պիլոտային ծրագիր սկսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ իրականացված վերլուծությունը:

Համաձայն ուսումնասիրությունների՝ Հայաստանում գյուղացիական տնտեսություն վարողների կողմից գյուղատնտեսական նշանակության վարելահողերի որոշակի ծավալ չի մշակվում։ Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։

Աբովյանի հողերի վիճահարույց վաճառքի հետ կապված փաստարկներն արդեն դատախազությունում են

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում հողային բարեփոխման իրականացմանը վերաբերող հարցեր:

«Վարելահողերը չեն օգտագործվում տարբեր պատճառներով` հողակտորների մասնատվածություն, ֆինանսական խնդիրներ, ոռոգման ջրի պակաս, ցածր եկամտաբերություն, գյուղտեխնիկայի բացակայություն և այլն։ Առաջարկվում է չօգտագործվող հողերի մշակման խնդիրը լուծել 2020-2022 թթ. ընթացքում փուլային տարբերակով»,–հայտնել է Քամալյանը։

Չօգտագործվող հողերի մշակման խնդիրը պետք է լուծել Հողային օրենսգրքում օրենսդրական փոփոխությունների իրականացման, հողերի քարտեզագրման, ինստիտուցիոնալ, իրավական և ենթակառուցվածքային հնարավորությունների ու հարթակների ստեղծման, և չօգտագործման դեպքում պատասխանատվության մեխանիզմների հստակ սահմանման ճանապարհով:

Ոռոգման ջուրը չի թանկացել. Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել

Վարչապետը հանձնարարել է Քամալյանին ամփոփել քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, լրամշակել բարեփոխման հայեցակարգը և գերատեսչությունների հետ քննարկել հողային բարեփոխման նպատակով մարզերից մեկում պիլոտային ծրագիր սկսելու մանրամասները: